տուն Քաղաքական Վերլուծական Սանձազերծվող սպառազինությունների մրցավազքն ու ուժային էքսպանսիան

Սանձազերծվող սպառազինությունների մրցավազքն ու ուժային էքսպանսիան

294
0

putin-sarki

Համաձայն «168 ժամ»-ի՝ սեպտեմբերի 30-ին ԱԺ-ում անցկացված ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայ պատգամավորները դժգոհել են ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին վաճառվող զինտեխնիկայի կապակցությամբ: Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին հայ պատգամավորներին ասել է, որ առաջիկայում Պուտինը այցելելու է Հայաստան, և Հայաստանին էլ են տալու «Սեմերչ»-ներ: Սա արդեն, կարելի է ասել, հատում է ցինիզմի բոլոր սահմանները: Ռուսաստանը սիրով կվաճառի զինտեխնիկա Հայաստանին, ոչ պակաս սիրով էլ՝ Ադրբեջանին, դրանում որևէ կասկած չկա:

Ռուսների հետ դաշինքն «իրական է» միայն հայաստանյան իշխանությունների և հասարակության՝ սովետական նոստալգիայով տառապող հատվածի համար: Հնարավոր չէ հիշել որևէ պատմական իրադարձություն, երբ Ռուսաստանը անշահախնդրորեն հետամուտ է եղել իր, այսպես կոչված, դաշնակցի շահերին: Սա նաև հասկանալի ու բնական է, քանի որ ցանկացած պետության ցանկացած գործողություն ուղղված է սեփական շահերին: Ի դեպ, չպետք է ժխտել նաև, որ երբեմն Ռուսաստանի շահերը համընկել են հայկական շահերին, սակայն սա դեռ չի նշանակում, թե, ասենք, ռուս-թուրքական կամ ռուս-պարսկական պատերազմները նպատակ ունեին մուսուլմանական լծից փրկել քրիստոնյա եղբայր հայերին: Թողնելով մի կողմ,  սակայն, պատմական դիսկուրսը՝ վերադառանանք մեր խնդրին:

Ներկայումս արդեն համոզված կարող ենք ասել, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կայանալու է, ու այս պայմաններում առնվազն տարօրինակ է, որ ակնհայտ բաղրամյանքսանվեցական լրատվամիջոցները սկսել են գրեթե բացահայտ ռուսական PR-ով զբաղվել: Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Վիբորնիի սեպտեմբերի 30-ի հայտարարության հրապարակումը, որը կարծես թե արվում է հայերին «արխայինացնելու» համար, սակայն ավելի շուտ հերթական անգամ  գալիս է ապացուցելու, որ ռուսական կողմը ամենաուղղակի միջամտությունն ունի արցախյան հիմնախնդրում` որպես կողմ և ոչ թե միջնորդ: Մեղմ ասած՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է խաղաղ կարգավորում քարոզող ռազմավարական դաշնակիցը սպառազինությունների մրցավազք հրահրել: Սա ապացուցում է ընդամենը մեկ բան` Ռուսաստանը երբեք ու առավել ևս ներկայումս բոլորովին շահագրգռված չէ տարածաշրջանում ղարաբաղյան հակամարտության և ընդհանրապես ցանկացած այլ հակամարտության կարգավորմամբ:

Ռուսական ներկայությունը տարածաշրջանում առավելապես ուժային է և սպառողական: Ի տարբերություն եվրոպական հայեցակարգի, համաձայն որի` որևէ հանրույթի, հասարակության կամ պետության «յուրացումն» իրականացվում է առավելապես քաղաքակրթական էքսպանսիայով,  Ռուսաստանը փորձում է իր ազդեցությունը պահպանել այս կամ այն տարածաշրջանում բացառապես տվյալ տարածքի տարատեսակ ռեսուրսների վերահսկողությամբ: Այս տրամաբանությամբ, պարսկական գազամուղի տրամագիծը նվազեցվեց, էլցանցերը, հեռահաղորդակցման ուղիները լիովին Ռուսաստանը վերցրեց իր հսկողության տակ` հարկ եղած դեպքում ուղղակի ռեպրեսիվ մեթոդներով Հայաստանին նպատակահարմար ուղղով տանելու համար:

Ռուսաստանի ուժային ներկայության արդյունքներից էր տխրահռչակ «գույք պարտքի դիմաց»-ը, որը, մեղմ ասած, հայաստանյան իշխանության դավաճանական քայլն էր սեփական ժողովրդի հանդեպ: Հենց այս տրամաբանությամբ է նաև Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որին հետևելու է Հայաստանի զինումը: Այս փոխկապակացված գործընթացում և Ադրբեջանը, և Հայաստանը շարունակական կախման մեջ են մնալու Ռուսաստանից, քանի դեռ Արցախյան հիմնախնդրում երկու երկրները առաջխաղացում չեն գրանցել:

Ասվածից կարող ենք անել մեկ կարևոր հետևություն` հարկ է արմատապես փոխել Ռուսաստանի և տարածաշրջանում ռուսական ներկայության ընկալումը, հակառակ պարագայում հայաստանյան իշխանություններին սպառնում է վերջանական մարգինալացում և վերածում Հայաստանում ռուսական իշխանության իրականացման ադմինիստրացիայի:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here