Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու 4-րդ Միջազգային իրավական համաժողովին: Այս մասին ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:
Այս համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական և իրավական կարևոր հարցերի քննարկման համար:
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը՝ ներկայացնելով Հայաստանի ինտեգրման գործընթացը Մաքսային միությանն անդամակցության շրջանակում: Ա. Շաբոյանը անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանը: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է Մաքսային միությանն անդամակցող երկրների միջև ստեղծել տեղեկատվության փոխանակման միասնական բազա, ինչն առավել վերահսկելի կդարձնի հատկապես անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը: Այդ երկրներից մեկում իրավախախտում թույլ տված ընկերության վարքագիծը տեսանելի կլինի նաև մյուսների համար:
Ա. Շաբոյանը նշել է նաև, որ նման բազայի միջոցով կլուծվի նաև ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրը, ինչի հետ հանձնաժողովը հաճախ է առնչվում: Գրանցելով այս կամ այն ապրանքային նշանը որևէ երկրում, տվյալ տնտեսվարողը փորձում է շուկայից դուրս մղել և թույլ չտալ, որպեսզի այն օգտագործվի որևէ այլ ընկերության կողմից: Այսպիսով սահմանափակվում է մրցակցությունը տվյալ շուկայում, և մուտքի խոչընդոտ է ստեղծվում տասնյակ տնտեսվարողների համար: ՏՄՊՊՀ նախագահն առաջարկել է բոլոր երկրների ներսում ստեղծել հստակ մեխանիզմներ՝ հարցի կարգավորման համար:
Ելույթում Ա. Շաբոյանը անդրադարձել է նաև մեր երկրի մրցակցային օրենսդրության փոփոխություններին, պետական գնումների շրջանակներում իրականացված աշխատանքներին, ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև բնական մենաշնորհների ոլորտում որոշակի կանոնակարգման հարցերի:
Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը իր գոհունակությունն է հայտնել ներկայացված առաջարկների վերաբերյալ և նշել, որ առաջիկայում համատեղ աշխատանքներ կտարվեն բարձրացված հարցերի կանոնակարգման և իրականացման համար:
Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 65 երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ: