Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում լիազորությունները ժամանակավորապես կասեցված Դավիթ Սանասարյանի պաշտպաններն այսօր նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին հայտնել է Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր լրացել է գործի նյութերին ծանոթանալու 20-օրյա ժամկետը, և քննիչը պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ուսումնասիրելուց հետո պետք է որոշում կայացնի գործը դատախազություն ուղարկելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել):
Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Միևնույն ժամանակ, քննիչի կողմից որոշում է կայացվել նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։