ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը պնդում է, որ ճնշման տակ են իր դեմ ցուցմունք տվել։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով իր դեմ առաջադրված մեղադրանքի մանրամասներին։
Հարցին՝ արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը կապ ունի իր գործի հետ, Սանասարյանը նշեց, որ շատ կուզեր ԱԱԾ տնօրենը նման խնդիրների հետ կապ չունենար․ «Ես վարչապետի հետ չեմ խոսել, չգիտեմ՝ կապ ուներ, թե չէ։ Բայց ուրիշ խախտում է տեղի ունեցել։ Հետաքննության պետը կամ այս պարագայում՝ ԱԱԾ պետը ասուլիս է տալիս և լրագրողներին ասում, որ գործը կգնա դատարան, բոլորդ կիմանաք։ Փաստորեն, դո՞ւք եք որոշել, դատախազությո՞ւնն է որոշել, որ այդ գործը գնա դատարան։ Սա արդեն իսկ խախտում է, սա արդեն իսկ ճնշում է այդ մարմինների վրա, որովհետև իրենք հրահանգ են տվել»,- մանրամասնեց Սանասարյանը։
ՊՎԾ նախկին պետը նաև անդրադարձավ ցուցմունքներին․ «Նայում ենք Թորոսյանի (խմբ․- առողջապահության նախարար Արսեն Թորոսյան) ցուցմունքը, Ադյանի ցուցմունքը. ոնց որ միասին գրած լինեն։ Կպցրած է այս ամենը»։
Սանասարյանը պնդում է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է, որովհետև ամբողջ գործն իրար հարմարեցված է․ «Ամենասկզբից, երբ ես դեռ ներգրավված չէի որպես վկա կամ կասկածյալ, ինձ մոտ են եկել Ադյանի հարազատները, փաստաբանը և ասել են՝ Ադյանին ճնշում են, որ ձեր վրա ցուցմունք գրի»,- նշեց նա։
Հարցին՝ ովքեր են ճնշում, նա նշեց, որ քննիչները։