տուն Լուրեր Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի գումարներով իր բիզնեսն է առաջ տանում

Սամվել Դարբինյանը քաղաքապետարանի գումարներով իր բիզնեսն է առաջ տանում

130
0

big139289987442

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նոր աղմկահարույց պատմության մեջ է ընկել: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն քաղաքապետը քաղաքապետարանի բյուջեից 22 000 ԱՄՆ դոլար գումար է դուրս գրել էլիտար կիսակառույցում բնակարան գնելու համար: Գնվող տունը քաղաքապետարանը պետք է  վարձակալությամբ տրամադրեր անապահով ընտանիքներից մեկին:

Քաղաքապետարանի այս առաջարկին ավագանու անդամներից միայն Արամ Խաչատրյանն է դեմ քվեարկել, մեկ անդամ ձեռնպահ է քվեարկել, իսկ մնացած անդամները կողմ են եղել քաղաքապետի առաջարկին: Ըստ հրապարակված լուրերի՝ նորակառույց շենքը, որտեղից բնակարան է գնվել, պատկանում է հենց քաղաքապետ Սամվել Դարբինյանին ու ստացվում է, որ նա քաղաքապետարանի գումարներով իր բիզնեսն է առաջ տանում: Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը համաձայն չէ քաղաքապետի որոշման հետ և հարց է բարձրացրել, թե ինչու է որոշվել այդ  շենքից բնակարան գնել.«Ես քաղաքապետին հարցրել եմ, թե ով է որոշել, որ այդ շենքում պետք է բնակարան գնվի, և քաղաքապետն ինձ ասել է, որ չի պատասխանելու այդ հարցին: Եվ հետո շենքը, որտեղ բնակարան է գնվել, կիսակառույց է,  դժվար է ասել, թե երբ այն պատրաստ կլինի: Բնակարան է ձեռք է բերվել, որպես համայնքային գույք և դեռ պարզ չէ, թե  ընտանիքը, երբ կկարողանա բնակվել այդ բնակարանում»,-ասաց Արամ Խաչատրյանը:

Իսկ շենքի՝ Դարբինյանին պատկանելու մասին Արամ Խաչատրյանն ասաց. «Ըստ խոսակցությունների՝ շենքն իրեն է պատկանում, սակայն քաղաքապետը հավաստիացնում է, որ այն իր սեփականությունը չէ: Ինքս փաստաթղթեր չեմ տեսել, որպեսզի համոզված ասեմ, թե այն ում է պատկանում»։