Ինչպես գիտենք, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը սույն թվականի հոկտեմբերի 9-ից, սկսել է ամենօրյա ակցիաներ անցկացնել Ծածկած շուկայի համար` այնտեղ իրականացված ապօրինությունը կասեցնելու պահանջով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին վերաբացվել է սուպերմարկետի վերածված Ծածկած շուկայի բանջարեղենի բաժինը, իսկ հոկտեմբերի 9-ին` նաև սուպերմարկետը: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը կոչ է արել հանրությանը՝ բոյկոտել ոչ միայն սուպերմարկետի վերածված Ծածկած շուկան, այլեւ «Երևան սիթի»-ների ցանցը և այդ խանութներից գնումներ չկատարել: Այս խնդրի առնչությամբ Ararartnews.am-ի թղթակիցը զրուցել է Նախախորհրդարանի ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանի հետ։ «Գործ ունենք ապօրինության բացառիկ տեսակի հետ։ Մեր նպատակը նախ և առաջ մարդկանց իրազեկելն է, քանի որ ապօրինությունը, որ եղել է շինարարության ժամանակ, արդեն շարունակվում է, արդեն օգտագործման ընթացքում է, քանի որ շինարարության ավարտից հետո պետք է լիներ շինարարության ավարտի մասին ակտ, որը կվկայեր այն մասին, որ շենքը բոլոր իմաստներով անվտանգ և սեյսմակայուն է, սա՝ ըստ քաղաքաշինության մասին օրենքի։ Բացի դրանից պետք է լիներ կադաստրի համապատասխան փաստաթղթերը, բայց մենք դիմել են կադաստրին, որտեղից մեզ ասել են, որ կադաստր ոչ մի դիմում չի ներկայացվել, երրորդ խնդիրը, երբ որ հուշարձանը օգտագործման է տրվում, պետք է լինի պահպանողական պարտավորագիր, որտեղ հստակ նշվում է օգտագործողի պարտավորությունները, նա իմանա իր իրավունքներն ու պարտականություները, այսինքն սրանք նորանոր հանցագործություններ են»,-նշել է Չուգասզյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, երեկ իրենք պատկան մարմիններին հրավիրել են կլոր սեղանի և քննարկել այդ և այլ հարցեր: Araratnews.am-ի այն հարցին, թե այսուհետ իմաստ ունի՞ պայքարը, եթե արդեն գործում է Ծածկած շուկան, և արդյոք անցկացվող ակցիաները արդեն չեն նմանվում շոուների, նախախորհրդարանի անդամը պատասխանեց. «Սա մի օրվա գործ չէ, բնականաբար, եթե հեռուստատեսությամբ լուսաբանվեր, այդ դեպքում ավելի հեշտ կլիներ», իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի որդեգրած քաղաքականությունը` կապված խնդրի հետ, որակեց բարբարոսություն:
Էմմա Պալյան