Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է «Լույս» խմբակցության հայտարարությունը, թե ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 20-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ է նվիրել Երևանին, բայց այդ նվերից ավագանին տեղյակ չէ:
«Քաղաքապետարանը գաղտնի նվեր որևէ մեկից չի ստացել, իսկ Սամվել Ալեքսանյանից առհասարակ նվեր չի ստացել։ Ես դա հերքում եմ, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասանում։ Եթե որևէ գործարար որոշի օժանդակել քաղաքին, նվեր մատուցել, քաղաքը միայն շնորհակալ կլինի»,- ասաց Կարապետյանը։
Նա տեղեկացրեց, որ 50 աղբահավաք մեքենաներից 35-ը գնվել է պետության գումարներով, նվեր ստացվել է 15-ը, բայց թե որ կազմակերպությունները կամ ովքեր են նվիրատուները, Կարապետյանն այս պահին չի բացահայտում։ Խոստանում է անուններ նշել ապագայում։