-Բոլորս գիտենք, որ մեկ ամիս առաջ ողջ Հայ-Ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածություն էր տիրում: Դա մտահոգություն առաջացրեց մարդկանց մոտ, իսկ առավել ակտիվ քաղաքացիները փորձեցին գործնականում աջակցել սահմանամերձ բնակավայրերին: Մեկ ամիս առաջ ստեղծեցինք այս նախաձեռնությունը: Կոնկրետ Տավուշի մարզն ընտրեցինք ուսումնասիրելու, խնդիրները վեր բարձրացնելու համար: Խնդիրները բավականին շատ են, որոնց լուծմանն էլ հետամուտ կլինենք,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները լրագրողներին ներկայացրեցին այն բոլոր խնդիրները, որոնք իրենց ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են: Ըստ բանախոսների, անգամ դպրոցները որոշակի գույքերից զրկվածված են, և իրենք դիմել են կրթության նախարարություն, որպեսզի Տավուշի գյուղերի դպրոցների 70-ականների կահույքը փոխվի:
Հիշեցնենք, որ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամները օգոստոսի 24-ին այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղ և արձանագրել առկա մի շարք խնդիրներ, որոնց շուրջ էլ նամակներ են ուղարկելու ՀՀ կառավարությանն ու համապատասխան նախարարություններին: