Երեկ, 83 տարեկանում մահացել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Խուլիո Գրոնդոնան։ Այս մասին հաղորդում է Ole-ն։
Նրան հիվանդանոց են տեղափոխել սրտի նոպայով, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը։ Այսօր պետք է կայանար Գրոնդոնայի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ֆուտբոլային պաշտոնյան պետք է հայտարարեր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայի պաշտոնանկության մասին։
Գրոնդոնայի մահվան պատճառով մեկ շաբաթով հետաձգվել է Արգենտինայի առաջնության մեկնարկը, իսկ Լիոնել Մեսսին իր ցավակցութոյւնն է հայտնել այս կորստի կապակցությամբ։
Գրոնդոնան Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 1979 թվականից։ Այս ընթացքում Արգենտինայի հավաքականը մեկ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1986), երկու անգամ նվաճել է Մունդիալի արծաթե մեդալներ (1990, 2014), երկու անգամ հաղթել է Կոպա Ամերիկայում (1991, 1993), երկու անգամ՝ Օլիմպիադայում (2004, 2008)։