«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է լուծարել Խոշոր սպառողների սպասարկման (ԽՍՍ) դեպարտամենտը եւ աշխատանքից ազատել վարչության 41 աշխատակիցներին: Պաշտոնական որոշում դեռեւս չկա, բայց ընկերությունն աշխատակիցներին արդեն տեղեկացրել է ազատման մասին:
ԽՍՍ դեպարտամենտի պետ Ռաֆիկ Ասկարյանը Arartnews.am-ի հետ զրույցում նշել է, որ ուրբաթ օրը, ժամը 3-ին ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը եւ նրա տեղակալ՝ իրացման տնօրեն Աշոտ Թոխունցը, իրեն կանչել են եւ հայտնել, որ դեպարտամենտը լուծարվում է:
Ազատված էներգետիկներն այսօր հավաքվել էին ՀԷՑ կենտրոնական մասնաշենքի դիմաց` պարզաբանում պահանջելով ընկերության ղեկավարությունից: Ակցիայի ժամանակ Եվգենի Բիբինը, ով նոր էր վերադարձել Մոսկվայից, վստահեցրել է աշխատակիցներին, որ նրանք, ովքեր ազատվելու են աշխատանքից, կտեղավորվեն աշխատանքի այլ մասնաճյուղերում:
Ակցիայի մասնակիցները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ իր պաշտոնավարման շուրջ 3 տարիների ընթացքում Բիբինը դեպարտամենտի լուծարման հարցը բարձրացրել է բազմիցս: «Էս մարդը, որ օրվանից եկել ա էստեղ, քանդում ա: Էստեղ միայն հիմքն է մնացել: Եթե իրեն շուտ չտանեն էստեղից, ավելի վատ կլինի»,- նշել է Ասկարյանը: Վերջինս վստահեցնում է, որ այդ 41 աշխատակիցներն այն լավագույններն են, ովքեր շատ անգամներ էլ լավ աշխատելու համար պատվոգրեր են ստացել: «Չնայած սրան, նրանք ստանում են միջինը 120 հազար դրամ աշխատավարձ, այնինչ Բիբինը, ստանում է մի քանի տասնյակ միլիոն դրամ»,-նշել է Ասկարյանը: Ակցիայի մեկ այլ մասնակից Araratnews.am-ի հետ զրույցում դժգոհել է.
«Այն, որ Ռուսաստանի օդանավակայանում մեր վրա մուննաթ են գալիս, դա հասկանում եմ: Բայց որ մի հատ ռուս եկել էստեղ է մեզ հետ էդպես անում, ցավը դա է, եթե մեր բարեկամական երկիրը մեր ընտանիքներին առանց հաց է թողնում, ինչի մասին է խոսքը, տնօրենը, ռուս լինելով հանդերձ, աշխատանքից զրկում է հայերին` Հայաստանում»,- դժգոհել են ակցիայի մասնակիցները: Ի դեպ, Ռաֆիկ Ասկարյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենց տեղեկություն է հասել այն մասին, որ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցից հետո են միայն այդ 41 աշխատակիցները փաստացի հեռացվելու աշխատանքից: Նշենք, որ ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ նմանատիպ բողոքի ակցիաները լինելու են շարունակական:
Էմմա Պալյան