Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյան՝ Վսևոլոդ Չապլինը Izvestia թերթին տված հարցազրույցում ասել է, որ «նույնասեռական հարաբերությունները» պետք է պատժվեն օրենքով և ամբողջությամբ վերացվեն հասարակության կյանքից։ Նա առաջարկել է դրան հասնել ժողովրդավարական երկրներին հատուկ ձևով՝ հանրաքվեի միջոցով քրեական պատասխանատվության օրենք սահմանել նույնասեռականների համար։
Այսպիսով, եկեղեցին արձագանքել է սկանդալային վարկ ունեցող դերասան և հոգևորական Իվան Օխլոբիստինի այն առաջարկին, որի համաձայն անհրաժեշտ է օրենսդրություն վերադարձնել նույնասեռական լինելու համար քրեական հետապնդում նախատեսող օրենքը։ Այդ օրենքը վերացվել էր 1993 թվականին այն բանից հետո, երբ 70 տարի շարունակ օգտագործվում էր ինչպես նույնասեռականների, այնպես էլ սովետական ռեժիմին ընդդիմացող այլախոհների դեմ։ Այս օրենքի կիրառումից ԽՍՀՄ-ում մինչև 5 տարվա ազատազրկման են դատապարտվել 60-250 հազար մարդ։ Օխլոբիստինի կարծիքով՝ բոլոր նույնասեռականները պետք է բանտ նետվեն, քանի որ նրանց անպատիժ գոյությունը վիրավորում է հավատացյալների զգացմունքները։
Այս ամենը տեղի է ունենում պուտինյան Ռուսաստանում՝ նույնասեռականների դեմ սկսված արշավի ֆոնին, ինչով, ըստ փորձագետների, երկրի իշխանությունները փորձում են սքողել երկրում գոյություն ունեցող այլ լուրջ խնդիրները, այդ թվում կոռուպցիայի աննախադեպ ծավալները։