Կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:
Արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգելու պատճառների և պարետի գործառույթների մասին խոսեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախարարն ասաց, որ հստակեցվել են պարետի որոշումները: Նա նաև ներկայացրեց սահմանափակումների մասին պարետի որոշումների ընթացակարգը: Նախարարն օրինակ բերեց արտակարգ դրության որոշակի փուլում տրանսպորտի գործելու պարագայում դիմակների պարտադիր կրելու հանգամանքը, սննդի կետերում որոշակի պայմանների պարտադիր կիրառումը: Այսինքն՝ պարետը այսուհետև իրավունք է ունենալու սահմանել կանոններ, որոնք պարտադիր պետք է կատարվեն:
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նաև այն փոփոխությունը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկների մասով: Ըստ այդ փոփոխության՝ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին կարող է շաբաթը մեկ անգամ ծանրոց փոխանցել միայն մեկ հոգի` պահպանելով կանոնները:
Հայկ Մագոյան