2007 թվականից սկսված տևական ժամանակ Ռուսաստանի դաշնությունը Հայաստանում իրականացնում էր «Հայրենակիցներ» ծրագիրը, որը մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում: Այս ծրագրի շրջանակում նախկին ԽՍՀՄ երկրներից մարդկանց վերաբնակեցնում էին Ռուսաստանի հեռավոր մարզերումˋ ապահովելով բնակարանով և աշխատանքով: Այս՝ պայծառ ապագա խոստացող ծրագրի միջոցով, Հայաստանը լքեցին հազարավոր ընտանիքներ: Սակայն մարդիկ, թողնելով իրենց տունն ու տեղը, հայտնվում էին ռուսական «կորած» գյուղերումˋ սոցիալական վատ պայմաններով: 2012 թվականի աշնանից ծրագիրը դադարեցվել է , սակայն դեռ կան կազմակերպություններ, որոնք դարձյալ նույն խոստումներով, Հայաստանից Ռուսաստան աշխատուժ են տեղափոխում: Հաճախ է լինում նաև, որ Ռուսաստան տեղափոխված քաղաքացիներին խոստացված գումարները չեն տալիս, և նրանք դատարկաձեռն վերադառնում են տուն:
Օրերս AraratNews.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ Երևանում գործում է մի գրասենյակ, որը մարդկանց տեղափոխում է ՌԴ և այնտեղ ապահովում աշխատանքով, ինչպես նաև հետագայում խոստանում է ապահովել քաղաքացիությամբ: Այս կազմակերպությունը իր մատուցած ծառայությունների դիմաց գումար է գանձում՝ այն վերցնելով Ռուսաստանի Դաշնությունում ստացած աշխատավարձից: Մեզ դիմող քաղաքացուն ևս առաջարկել էին, որպեսզի նա օգտվի կազմակերպության ծառայություններից, սակայն վերջինս հրաժարվել էր պատճառաբանելով, որ գնալու է Ռուսաստան, բայց իր բարեկամների մոտ: Այնուամենայնիվ, նշված կազմակերպության ներկայացուցիչը հեռախոսահամար էր թողել քաղաքացուն:
Հասկանալու համար, թե ինչ կազմակերպություն է և որքան մարդ է տեղափոխել այս ընթացքում Հայաստանից, մենք փորձեցինք մեզ դիմած քաղաքացու փոխանցած հեռախոսահամարներով կապ հաստատել գրասենյակի հետ, սակայն դա մեզ չհաջողվեց: Արդեն երկու օր է՝ այդ հեռախոսահամարներից մեր զանգերին չեն պատասխանում:
Քիչ չեն այնպիսի կազմակերպությունները կամ անհատները, որոնք խաբեությամբ են զբաղված և մարդկանց շահագործում ենˋ չվճարելով խոստացված գումարները։ Այնպես որ, լավ կլինի, որ, եթե Ռուսաստանում աշխատանք գտնելու հույսով դիմում եք որևէ կազմակերպության, ապա համոզվեք, թե այն իսկապե՞ս օրինական է, և ծանոթացեք դրա գործունեության պատմությանը:
Բորիս Մուրազի