Ռուսաստանը կրկին անգամ զգուշացրել է, որ Մաքսային միությունը կարող է սահմանափակել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։
Ըստ պարբերականի՝ այս քայլով Մոսկվան շարունակ ավելացնելու է ճնշումը Կիևի վրա, որպեսզի սահմանափակի վերջինիս հարաբերությունների սերտացումը ԵՄ-ի հետ։ «Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը երեկ հայտարարել է, որ չի բացառվում, որ այդ սահմանափակումները պայմանավորված լինեն անասնաբուժական և ֆիտոսանիտարական ռիսկերով։
Բացի այդ, նախօրեին վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել էր, որ Ռուսաստանը չի կարող այլևս շարունակել ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, քանի որ կասկածներ ունի այդ երկրի նոր իշխանությունների օրինականության հարցում։ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո Ռուսաստանն ամեն կերպ փորձում է պահպանել ազդեցությունը պաշտոնական Կիևի վրա։
Պարբերականը հիշեցնում է, որ Մոսկվան ճնշումներ էր գործադրում Յանուկովիչի վրա այն ժամանակ, երբ նա ցանկանում էր ստորգրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ տնտեսական լծակներն օգտագործել է Վրաստանի և Մոլդովայի վրա ճնշումներ բանեցնելու համար։