Deutsche Bank-ի գլխավոր տնտեսական փորձագետ Դավիդ Ֆոլքերթս-Լանդաուն կարծում է, որ Ռուսաստանը շատ բարձր տնտեսական գին է վճարելու Ուկրաինայի դեմ իրականացվող քաղաքականության պատճառով, իսկ նրա տնտեսությունը կարող է չդիմանալ արևմտյան պատժամիջոցներին: Այս մասին նա ասել է Die Welt թերթին:
Ըստ Ֆոլքերթս-Լանդաուի` շատ ներդրողներ վերանայելու են Ռուսաստանում ներդրումներ կատարելու մտադրությունը: «Ուկրաինայի նկատմամբ իր գործողությունների պատճառով, որոնք շատ նման են 19 դարի մտածելակերպին, Ռուսաստանը դարձել է նվազ կանխատեսելի: Այդ պատճառով, պետք չէ զարմանալ, որ ապագայում էլ նրան չընդունեն որպես օտարեկրյա ներդրումների համար ապահով վայր», — ասել է փորձագետը:
Նա նշել է, որ ներկայում բոլոր ներդրողները բախվելու են ավելի շատ ռիսկերի, քան նախկինում: «Ռուսաստանը բաց է թողել ստեղծելու գործող տնտեսություն, որը մրցունակ է միջազգային շուկայում», — ասել է Ֆոլքերսթ-Լանդաուն: Նա նշել է մի շարք թերություններ, որոնք կան Ռուսաստանում` կոռուպցիա, իրավական թերի պաշտպանվածություն, ժողովրդագրական խնդիրներ, կառավարման հրամանատարա-վարչական մեթոդներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ «ներդրողները գերագնահատել են Ռուսաստանի տնտեսությունը»:
Սակայն ներդրողները, ըստ փորձագետի, շուտով կհասկանան սա, ինչը կազդի ՌԴ-ի տնտեսության վրա:
Die Welt-ը նշում է, որ Deutsche Bank-ի գլխավոր տնտեսական փորձագետ Դավիդ Ֆոլքերթս-Լանդաուի խոսքն այնքանով է արժեքավոր, որ նա շատ հազվադեպ է արտահայտվում այսօրինակ խնդիրների վերաբերյալ: