Ռուսաստանի տնտեսության հնարավոր զարգացումների ազդեցությունը Հայաստանի վրա դեռևս անորոշ է: Այս կարծիքին են ՀՀ ԿԲ մասնագետները:
«2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի տեմպը շարունակաբար դանդաղել է, գնաճը բարձր է եղել նպատակային միջակայքից, իսկ հիմնական տնտեսական ռիսկերը շարունակել են մնալ օրակարգային: ՌԴ Էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ իրավիճակը ՌԴ տնտեսությունում կրում է նախաճգնաժամային նշաններ, նկատվում է տնտեսական աճի նվազում և բարձր գնաճ: Տնտեսական աճի դանդաղումը, կապիտալի արտահոսքը, արժութային շուկայի անբարենպաստ իրավիճակը (տարեսկզբից ռուբլու արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 11%), Ռուսաստանի կենտրոնական բանկի՝ մարտի 3-ին բազային տոկոսադրույքի բարձրացումը 5.5-ից 7% էականորեն կարող են փոխել Ռուսաստանի տնտեսության զարգացման ուղղությունները՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ: Այս համատեքստում, կախված Ռուսաստանի զարգացումներից, ՀՀ ֆինանսական համակարգի կայունության վրա ազդող ռիսկերի ուղղություններն առայժմ անորոշ են»,- ասված է ԿԲ հրապարակած ֆինանսական կայունության հաշվետվությունում: