Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունում վերջին կես տարում ընդունված միգրացիոն օրենքները բացասական ազդցություն ունեն ՀՀ հասարակության վրա:
«Այդ ազդեցությունը դրական չի կարող լինել, քանի որ աշխատանքային միգրանտների միակ եկամտի աղբյուրը Ռուսաստանում ժամանակավոր աշխատանքի մեկնել է: Իսկ հիմա 3-5 տարով իրենց մուտքը արգելափակվել է Ռուսաստան, որտեղ իրենց գոյության միջոցներն էին ստեղծում: Անշուշտ, այդ մարդկանց վիճակը հիմա շատ վատ է, ինչ աստիճանի ֆինանսական կուտակումներ պետք է ունենան, որ 3 տարի կարողանան դիմանալ: Ես առարկայական ելքեր եւ լուծումներ չեմ տեսնում այս իրավիճակից»,-ասաց Եգանյանը այսօր լրագրողների հետ հրավիրված ասուլիսին:
Հանդիպմանը ներկա գտնվող հասարակագետ Կարինե Հակոբյանը ասում է, որ Ռուսաստանը իր շահերն է պաշտպանում:
«Նա ունի ժողովրդագրական խնդիր և նա ոչ թե աշխատաշուկան է ուզում ապահովել, ուզում է, որպեսզի քաղաքացիություն ստանան միգրանտները եւ մշտապես բնակություն հաստատեն Ռուսաստանում: Այսինքն, Ռուսաստանը լուծում է իր ժողովդրագրական խնդիրը: Այս ամենը նպաստում է Հայաստանից արտագաղթին, ոչ թե աշխատանքային միգրացիային: Միշտ էլ Հայաստանից մեկնել են Ռուսաստան, որը ծառայել է ժամանակավոր աշխատավայր մեր հայրենակիցների համար, բայց այժմ, նոր օրենքներով, Ռուսաստանը ծառայելու է որպես մշտական բնակության վայր»,-ասում է Կարինե Հակոբյանը:
Նա հավելում է, որ մեր քաղաքականությունը պետք է փոխվի, որպեսզի արտագաղթը կանգնի: Ըստ նրաˋ արտագաղթը հետևանք է անարդարության մթնոլորտի: