տուն Տնտեսական Ռուսաստանի հետ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարացման վարկի հարցը

Ռուսաստանի հետ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի ժամկետի երկարացման վարկի հարցը

87
0

atwmaka

Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները» խորագրով շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար-դեսպանը և գործառնական բաժնի ղեկավարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների և ֆինանասական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական կառույցների հետ հանդիպման գլխավոր նպատակն էր էներգետիկ ոլորտի գործընկերներին   ներկայացնել 2013 թվականի հոկտեմբերի 23-ի հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն ու դրանից բխող զարգացման ուղղությունները, և որ ամենակարևորն է, միջազգային ֆինանսական կազմակերպություններին «առաջին ձեռքից» տրամադրել տեղեկատվություն համակարգում իրականացվող և իրականացվելիք ռազմավարական ծրագրերի մասին:

ՀՀ նոր կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից, արտացոլված են նաև էներգետիկ ոլորտի բոլոր  առաջնահերթ միջոցառումներն ու ծրագրերը: Դրանցից մի քանիսը արդեն իսկ  իրականացվում են միջազգային ֆինանասական կառույցների աջակցությամբ՝ փափուկ վարկերով ու դրամաշնորհներով:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը  ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված՝ վերջին տարիներին էներգահամակարգում ստեղծվել են նոր հզորություններ, իրականացվել են բարձր լարման ենթակայանների տեխնիկական վերազինման, օդային գծերի վերակառուցման մեծաթիվ աշխատանքներ: Ներկայումս շարունակվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերը»:

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ Կառավարության նոր ծրագրում ներառված են էներգետիկ ոլորտի ռազմավարական կարևոր նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան 400 կՎ  էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցումը: Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ քննարկվում է  Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով վարկի տրամադրման հարցը. բանակցություններն ավարտական փուլում են:

Էներգետիկ ոլորտի զարգացման գործում նախարար Երվանդ Զախարյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների դերն ու համագործակցելու պատրաստակամությունը։ «Դահլիճում ներկա միջազգային շատ կազմակերպությունների հետ նախորդող 20 տարիների ընթացքում էներգետիկայի բնագավառում մեծ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր:Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անունից վերահաստատում եմ  մեր պատրաստակամությունը՝  շարունակելու Ձեզ հետ սերտ համագործակցությունը և վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կտան ցանկալի արդյունք»,-ասել է Երվանդ Զախարյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել է  էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները, որից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը: