Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ են տարիներ: Այս մասին նա ասել է` հանդիպելով երկրի տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ:
«Վրաստանն անպայման կկարգավորի հարաբերությունները ՌԴ-ի հետ, սակայն դա այնքան էլ հեշտ չէ, և դրա համար, հնարավոր է, տարիներ պետք լինեն», — ասել է վարչապետը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Նա նաև ասել է, որ իր առաջիկա այցը Միացյալ Նահանգներ կարող է չկայանալ, քանի որ հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրություններից անմիջապես հետո ինքը մտադիր է հեռանալ քաղաքականությունից: «Սակայն ես այստեղ ողբերգություն չեմ տեսնում… Ես ԱՄՆ չեմ այցելել, սակայն մենք շատ բաներ ենք արել հարաբերությունների լավացման համար»,- ասել է վարչապետը: