Վայոց Ձորի մարզի «Միգրացիոն ռեսուրս կենտրոնը» 1 տարի է, ինչ գործում է մարզում և այս ընթացքում սպասարկել է 370 շահառուի:
Կենտրոնի տնօրեն Հասմիկ Ղազարյանը ասում է, որ իրենք տրամադրում են խորհրդատվություն արտերկիր մեկնող ու հետ վերադարձող քաղաքացիներին:
«Ստուգում ենք եւ ասում, որ օրինակˋ իրենց մուտքը արգելված է Ռուսաստան ու իրենք չեն կարող գնալ: Կամ վերադարձածներին ուղղորդում ենք զբաղվածության կենտրոն, անվճար իրավաբանական խորհրդատվության: Հիմա վերադարձած 22 շահառուի ներգրավվել ենք նաև բիզնես դասընթացի մեջ, որպեսզի իրենք ստանան բիզնես կրթություն և հիմնեն իրենց բիզնեսը»,-ասում է Ղազարյանը:
Նա նշում է, որ շահառուների կազմում ավելի շատ Հայաստանից մեկնողներ են, քան վերադարձողներ:
«Վերադարձողները հիմնականում փաստաթղթային խնդիրներ են ունենում, կամ տան հետ կապված խնդիրներ, ֆինանսական, եթե վերադառնում են: Կամ երեխաները, ընտանիքը Հայաստանում է, ու գալիս-գնում են: Վերադարձածներից շատերի համար դժվար է լինում վերաինտեգրումը, չեն կարողանում հարմարվել շրջապատին, աշխատանք չեն կարողանում գտնել»,-ասում է Ղազարյանը:
Իսկ մեկնողների մեծ մասը ֆինանսական խնդիրների, աշխատանք չունենալու պատճառով է մեկնում, կամ Հայաստանում ստացած աշխատավարձը չի բավարարում:
«Մեզ խորհրդատվության համար զանգահարում են անգամ Մեղրիից, Արարատից, ու մենք աջակցում ենք իրենց: Հիմա սա առաջին բիզնես ծրագիրն է հետ վերադարձածների համար, եւ յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իր ծրագիրը, որ գումար շահի ու սկսի: Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել՝ ժամանակ է պետք: 2 տարի 8 ամիս դեռ այս բիզնես ծրագիրը շարունակվելու է նրանց համար»,-հավելում է Ղազարյանը: