Հայաստանում ռուսական «Orsis» ռազմարդյունաբերական ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով նոր քրեական գործ է հարուցվել. «ՌԻԱ Նովոստի»-ին վկայակոչելով` տեղեկացնում է 1in.am-ը:
Գործակալության տվյալներով, նոր գործը վերաբերում է ոչ թե բուն գործընթացին, այլ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից «Orsis» ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի գործնեությանը խոչընդոտելուն:
Նշվում է, որ 2019 թվականի սկզբերին՝ ի նշան համագործակցության ամրապնդման, «Orsis» ռուսական ընկերության հայկական դուստր «Arms» ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել է հրացան, որը, սակայն, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցվելու փոխարեն գրանցվել է փոխնախարարներից մեկի անունով։
ՀՀ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հաստատել է նոր քրգործ հարուցելու փաստը՝ առանց մանրամասներ ներկայացնելու:
Հիշեցնենք, որ 2019 թվականին մի քանի միլիոն դոլարի ռազմատեխնիկայի մատակարարման մրցույթի ձախողումից հետո ընկերությունը հայտնվել էր սև ցուցակում: Ավելի ուշ ռուսական ընկերության ներկայացուցիչների բողոքների հիման վրա «Orsis»-ը հանվել էր սև ցուցակից։