Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ հետագա ցանկացած ագրեսիա կհանգեցնի խստագույն պատժամիջոցների։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը։ Հաղորդում է Associated Press գործակալությունը։
«Եթե ռուսական զինված ուժերը մտնեն Ուկրաինայի տարածք, ապա դա կդիտարկվի որպես ներխուժում և ագրեսիա։ Եթե դա տեղի ունենա, ապա կդադարեցվեն պատժամիջոցների վերաբերյալ բոլոր քննարկումները։ Այդ ժամանակ դրանք հաստատ կկիրառվեն», — ասել է եվրոպացի դիվանագետը։ Ընդ որում, Բիլդտը հայտարարել է, որ ոչ մի պարագայում Եվրոպան չի համաձայնի այդ ագրեսիայի հետ։ իսկ Ուկրաինայի հարցում նա կարծում է, որ այն պետք է լինի ուժեղ թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ։