Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել դոլարից, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը։ Հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
«Մենք ստիպված կլինենք այլ արտարժույթներ օգտագործել, ստեղծել վճարման սեփական համակարգը։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք Արևելքում և Հարավում մեր գործընկերների հետ, և մնեք հնարավորություն կգտնենք զրոյացնել ԱՄՆ-ից մեր ֆինանսական կախվածությունը, այս պատժամիջոցներից հետո էլ մեզ համար ավելի մեծ օգուտով դուրս կգանք»,- հայտարարել է նա։
Նրա խոսքերով՝ եթե ԱՄՆ-ն որոշի սառեցնել Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների հաշվեհամարները, ապա Մոսկվան կարող է հրաժարվել վերադարձնել ռուսական կառույցներին տրված ամերիկյան բանկերի վարկերը։ «Չէ որ պատժամիջոցը երկկողմ զենք է, և եթե ԱՄՆ-ն սառեցնում է մեր ակտիվները, ապա, համապատասխանաբար, մեր կազմակերպությունների դոլարային պարտքերը նույնպես կսառեցվեն։ Դա նշանակում է, որ մեր բանկերն ու կազմակերպությունները չեն վերադարձնի ամերիկացի գործընկերների պարտքերը», — նշել է նա։
ՌԴ նախագահի խորհրդականը նաև զգուշացրել է Եվրոպային, որ պատժամիջոցները լուրջ հարված կլինեն նրա տնտեսությանը, ինչից կօգտվի միայն ԱՄՆ-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրահանգով դադարեցվել է բոլոր տնտեսական և ռազմական բանակցություններն ու կապերը Ռուսաստանի հետ։