Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է նոր տուրքեր սահմանել Ուկրաինայի համար, եթե այդ պետությունը ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիր ստորագրի ԵՄ-ի հետ: Այս մասին Մեդվեդևն ասել է ԱՊՀ վարչապետների գագաթնաժողովից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Միաժամանակ Մեդվեդևն ասել է, որ դեռ չգիտի, թե Ուկրաինայի և ԵՄ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին պայմանագիրը կազդի Ռուսաստանի և Մաքսային միության շուկայի վրա: Մեդվեդևն ասել է, որ Ուկրաինայի վարչապետին է ներկայացրել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո և այն միջոցների շարքը, որոնք Ռուսաստանը կկիրառի իր համար՝ անցանկալի զարգացումների դեպքում:
Միաժամանակ Ուկրաինայի վարաչպետ Նիկոլայ Ազարովն ասել է, որ իր երկիրը որևէ նախադրյալ չի տեսնում, որը թույլ կտա հրաժարվել Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելուց, որը կկայանա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում: Հիշեցնենք, որ այդ օրը նախատեսվում է, որ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի հետ կստորագրեն ասոցացման պայամանգիր: