Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է «փակ փաստաթուղթ»՝ ի պատասխան արևմուտքի պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ես կարող եմ ասել, որ ռազմավարություն որպես այդպիսին չկա, բայց մարտավարություն կա: Այն ձևակերպված է իբրև փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը հասկանալի պատճառներով փակ է: Բայց այնտեղ պարզ շարադրված է ամեն բան՝ ըստ պատժամիջոցների մակարդակների. դրանք կլինեն պատժամիջոցներ ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դեմ, կլինեն ոլորտային կամ համընդգրկուն պատժամիջոցներ, կվերաբերվեն բանկային համակարգին, թե ոչ»,- հայտարարել է Բելոուսովը:
Ինչպես մանրամասնել է նա՝ յուրաքանչյուր մակարդակի համար արձանագրված են որոշակի գործողություններ:
«Այդ պատճառով, եթե ինչ որ բան կիրառվի Ռուսաստանի դեմ, ես կոնկրետ կարող եմ ասել, մենք բավական ճշգրիտ գիտենք ինչպես արձագանքել»,- եզրափակել է նախագահի օգնականը: