Ռուսաստանը չի ուզում պատերազմել Ուկրաինայի հետ եւ այդ կոնտեքստում իրավիճակը վերանայելու հիմքեր չի տեսնում,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը չի ցանկանում սրել իրավիճակը։ Նա նաեւ պահանջել է Կիեւում կատարված ուժային գործողությունների միջազգային հետաքննության անցկացում։ Չուրկինը պնդում է, որ ապստամբների եւ ոստիկանների վրա կրակել են Մայդանի պարեկ Անդրեյ Պորուբիյի շտաբ-բնակարանից։ Հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն։
Ավելի վաղ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը իր գործողությունները Ղրիմում ագրեսիա չի համարում, քանի որ գործում է Ուկրաինայի հետ ստորագրված համաձայնագրի շրջանակներում։ Նրա խոսքերով, Ռուսաստանը, ինչպես եւ բոլորը շահագրգռված է Ուկրաինայում իրավիճակի կայունացման գործում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իշխանությունը փոխվեց փետրվարի 22-ին։ Ուկրաինայի Գերագույն Ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Յանուկովիչին, փոխեց Սահմանադրությունը, նախագահի ժամանակավոր իրավունքները հանձնեց Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին եւ նախագահական ընտրությունների անցկացման օր հայտարարեց մայիսի 25-ը։ Յանուկովիչը հայտարարել է, որ իրեն համարում է Ուկրաինայի օրինական նախագահ եւ պայքարելու է երկրի ապագայի համար։
Ռուսաստանը չի ճանաչել Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը, եւ Յանուկովիչի հեռացումը նախագահի պաշտոնից՝ համարել անօրինական։