Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցից հետո ավելի քան հստակ դարձավ, որ Կրեմլի համար ՀՀ իշխանությունները ընկալվում են որպես ռուսական ինչ-որ մարզի, շրջանի վարչակազմ և ոչ ավելին: Վլադիմիր Պուտինի վերաբերմունքը Սերժ Սարգսյանին, ամբողջ այցի ընթացքում սառը պահվածքը, պետական այցի ընթացքում ընդամենը 8 ժամ մնալը, ընդ որում մի զգալի մասը՝ սեփական ռազմաբազայում, նույնպես վկայում են այն մասին, որ ՀՀ ներկայիս վարչախումբը ընկալվում է ընդամենը որպես մարզի կառավարման մարմին, իսկ Սերժ Սարգսյանը` առավելագույնը գուբերնատոր:
Սակայն այդ օրվա ընթացքում կատարվածը միայն սա չէր: Առկա էր նաև մեդալի մյուս կողմը: Իսկ մյուս կողմում ՀՀ ինքնիշխանության համար պայքարողներն ու արևմտյան կողմնորոշում ունեցողներն էին, որոնք վերահաստատեցին, որ Կրեմլի ընկալումները Հայաստանի և ՀՀ քաղաքացիների մասին այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը և որ նման գաղութատիրական պահվածքը հնարավոր է դառնում միայն այս իշխանությունների պայմաններում:
Կրեմլում լավ են հասկանում նաև, որ Հայաստանում կա համատարած դժգոհություն այս վարչախմբից` ինչն էլ ավելի ու ավելի է սրվում օրեցօր խորացող սոցիալական ծանր վիճակի հետևանքով: Ամեն հաջորդ օր սոցիալական նոր շերտ է ընդվզում վարչախմբի կողմից ընդունված որոշումների դեմ: Սոցիալական ասպեկտից բացի սրված են նաև իրավունքի , արտաքին կողմնորոշման և գաղափարական հակասությունները: Մեկ բառով ասած` վարչախումբը ամբողջովին կտրված է հանրությունից և նման կերպ վստահաբար չի կարող շարունակվել:
Ի վերջո բոլոր ընդվզող ուժերի, խմբերի սլաքները ուղղվելու են դեպի Սերժ Սարգսյանը և վերջինիս ղեկավարած վարչախումբը, որը անգամ ներսից չունի կայունություն և բավարար դիմադրության ներուժ: Ինչպես շատերն են խոսում, այս պահին վարչախումբը գտնվում է ամենաթույլ վիճակում և վերջինիս հեռացնելը ընդամենը ժամանակի և տեխնիկայի հարց է:
Սակայն ներքին հասունացմամբ իշխանափոխության պարագայում հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ իրավիճակ կստեղծվի Հայաստանում, ինչպիսի կողմնորոշմամբ ուժեր կգան իշխանության և արդյոք այդ ուժերը կցանկանան Ռուսաստանի հետ խոսել որպես գուբերնատոր: Քաղաքացիական հանրության օրօրի ուժեղացման պայմաններում, որտեղ վստահաբար գերակշռում են ոչ ռուսամետ տրամադրությունները, կողմնորոշման խնդիրը ավելի հրատապ դառնում:
Նման պայմաններում Կրեմլի համար լավագույն լուծումը կարող է լինել իր Հայաստանյան ռեսուրսների օգտագործմամբ, իրեն հավատարիմ ոչ իշխանական ուժերի միջոցով իշխանափոխության իրականացումը: Իսկ դրա ռեսուրսները կարծես բավականին մեծ են` թե ընդդիմադիր դաշտում առկա հավատարիմ ուժերի, թե ռուսական կողմնորոշում ունեցող օլիգարխիայի տեսքով:
Վերջին շրջանում թատերաբեմում են հայտնվել ակնհայտ ռուսական կողմնորոշում ունեցող, կամ առնվազն արևմուտքին անխնա քննադատող,ամբողջ աշխարհում ժողովրդավարության իսպառ բացակայությունից խոսող խաղացողները` ինչը ռուսական հեղափոխության առաջին ծիծեռնակները կարող են հանդիսանալ: Ընդ որում նման իշխանափոխությունը հավանաբար հնարավոր կլինի իրականացնել բավականին հանգիստ իշխանության փոխանցման եղանակով:
Փաստորեն, գունավոր հեղափոխությունների փորձը սերտած Ռուսաստանը կիրականացնի գունավոր թավշյա հեղափոխություն:
Սա, իհարկե, կարող է ժամանակավորապես հետաձգել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, սակայն այստեղ հնարավորություն կտա ունենալ վարչախումբ հեռացրած, հանրության աջակցությունը վայելող վերահսկելի իշխանություններ:
Նարեկ Ամյան