«Իրավունքն է ծնում ուժը, այլ ոչ թե` հակառակը», — հայտարարել է Բարաք Օբաման` մի քանի շաբաթ առաջ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն այգում: The Washington Post-ը գրում է, որ բոլորին լավ հայտնի է, թե նա ինչ ի նկատի ուներ. «փափուկ ուժի» կիրառման դարաշրջանում մեծ տերությունները ոչ թե բիրտ ուժի, այլ գրքերի և ֆիլմերի, զարգացած տնտեսության, տեխնոլոգիաների միջոցով տարածում էին իրենց ազգային շահերը:
Սակայն երբ մի քանի շաբաթ առաջ Օբաման ելույթ էր ունենում Վարդագույն այգում, աշխարհի մյուս ծայրում հերթական անգամ ապացուցեցին հակառակը` ուժը տալիս է իրավունք: Այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը զբաղված էր Սիրիայի հարցով ամերիկա-ռուսական հակասություններով, Վլադիիր Պուտինն իրականացրեց առաջին հայացքից ոչ այնքան նշանակալի, սակայն հեռանկարում բավականին լուրջ դիվանագիտական հեղաշրջում: Եվրամիության հետ երեք տարվա ինտենսիվ բանակցութոյւններից հետո Հայաստանը` Ռուսաստանի մոտ հարևաններից մեկը, պատրաստվում էր ասոցացման և ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Սակայն սեպտեմբերի 3-ին Սիրիայի հակամարտության թեժ պահին Հայաստանի կառավարությունն անսպասելի որոշում կայացրեց և հայտարարեց այդ նախագծից հրաժարվելու մասին: Աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտուն և ամենազարգացած ժողովրդավարական երկրներին միանալու փոխարեն Հայաստանը որոշում կայացրեց միանալ Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին և մուտք գործել Եվրասիական միություն:
Ոչ ոք չի էլ կարծում, որ Ռուսաստանը Հայաստանին նման որոշման է դրդել «փափուկ ուժի»միջոցով: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը անվտանգության ոլորտում կախում ունի Ռուսաստանից, և որ Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայկական համայնքը: Սա բավականին տարօրինակ է, գրում է The Washington Post-ի հոդվածագիրը. Դաշինքների մեծ մասը, որոնց հիմնական նպատակն անվտանգությունն է, այդ թվում` ՆԱՏՕ-ն, չեն ստիպում իրենց անդամներին մուտք գործել մաքսային միություններ, կամ համայնքի առկայությունը որևէ կերպ չի ազդում մյուսների առևտրային գործունեության վրա: Սակայն Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում ստիպեց Հայաստանին լուրջ մտահոգվել այդ ուղղությամբ` սիրախաղ սկսելով Ադրբեջանի հետ, որը Հայաստանի հիմնական թշնամի երկիրն է, ինչպես նաև էմիգրատների դեմ որոշ պաշտոնյաների արված հայտարությունների պատճառով: Հայերն ակնարկը հասկացան` եթե նրանք առևտրային պայմանագիր են ստորագրում Եվրոպայի հետ, Ռուսաստանը կարող է ավելի շատ զենք վաճառել նրա հակառակորդին, ինչպես նաև արտաքսել հայերին, որոնք ապրում են իր տարածքում:
Բացի այդ, Հայաստանում հետևում էին, թե ինչ ճնշումներ է բանեցնում Ռուսաստանը հարևանների դեմ` Մոլդովայի գինիների, ուկրաինական շոկոլադի ներմուծման արգելքը` ՌԴ, գազային «գործիքների» կիրառումը Յանուկովիչի կառավարության վրա: Բացի այդ, Ռուսաստանը խոստացավ Ուկրաինային, որ եթե նրանք չստորագրեն Ասոցացման պայմանագիրը, ապա իրենք երկու անգամ կէժանացնեն գազը: Հոդվածագիրը նշում է, որ մի կողմից տարօրինակ է, թե ինչու Ուկրաինան չի համաձայնել այս առաջարկին: Մյուս կողմից նշվում է, որ նույնիսկ Ռուսաստանին լոյալ ուկրաինացի շատ քաղաքական գործիչներ մտածում են, որ որոշումը ոչ թե կարճաժամկետ ֆինանսական հենք պետք է ունենա, այլ դա երկարատև քաղաքակրթական ընտրություն է` բաց շուկաներ և Եվրոպայի թափանցիկ քաղաքականության ուղղությամբ շարժվելու համար: The Washington Post-ը մեջբերում է հայ ընդդիմադիր գործիչներից մեկի խոսքը, թե՝ «ընտրելով Մաքսային միությունը` Հայաստանը կմնա Ռուսաստանի նման օլիգարխների և մենաշնորհների երկիր»:
Հոդվածն ամբողջությամբ` այստեղ: