Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կարծում է, որ Ռուսաստանն իր գործողություններով կառուցում է «Բեռլինի նոր պատ», որն անցնելու է Ուկրաինայի տարածքով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Չորեքշաբթի օրվա իրադարձությունները սպառնում են Եվրոպային և Եվրոպական միությանը: Հիմա պարզ է, որ մեր ռուս հարևանները որոշել են կառուցել նոր բեռլինյան պատ և վերադառնալ «սառը պատերազմի» փուլ», — նշել է վարչապետը: Յացենյուկը ՌԴ կառավարությանը նաև մեղադրել է Ուկրաինա «ահաբեկչություն արտահանելու» մեջ՝ անջատողականների խմբավորումներին աջակցելու միջոցով:
«Ռուսաստանի կառավարությունը պետք է անմիջապես հետ կանչի իր հետախուզական և դիվերսիոն խմբերը, դատապարտի ահաբեկիչների գործողությունները և պահանջի, որպեսզի ազատ արձակվեն վարչական շենքերը», — ասել է վարչապետը: Միաժամանակ Յացենյուկը խիստ կասկած է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է Ուկրաինայում լարված իրավիճակի թուլացում: