Նախատեսվում է, որ այս տարի ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2014-ին կմասնակցեն տեղական, ռուսական և վրացական շուրջ 50 կազմակերպություններ, իսկ այցելուների թիվը կհասնի 3000-ի, որոնցից 500-ը` կլինեն ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Այս մասին, այսօր հրավիրած ասուլիսում, հայտարարեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է տեղական շուկայում տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի և ծառայությունների սպառման ծավալների աճը և տնտեսության տարբեր բնագավառներում ՏՏ նորարարական լուծումների կիրառման մակարդակի բարձրացումը», — ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, հավելելով, որ այս առումով էական նշանակություն ունի ոլորտի գործարար կապերի ամրապնդմանը, տնտեսության այլ ճյուղերում ՏՀՏ-ի կիրառմանը նպաստող և տեխնոլոգիական ոլորտը համախմբող «Դիջիթեք» գործարար համաժողովի կազմակերպումը: Նման միջոցառումները նա կարևորել է նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման, գործարար միջավայրում համագործակցության խթանման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման տեսանկյունից և կոչ արել գործարարներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ԴիջիԹեք-2014-ի աշխատանքներին` կիրառելով հայաստանյան շուկայում մշակված ՏՏ նորարարական լուծումները դեպի սպառողը կողմնորոշված բարձրորակ ծառայությունների ներդրման ու բիզնես պրոցեսների օպտիմալացման գործընթացում:
Ասուլիսի ընթացքում Անդրեյ Պյատախինը ներկայացրեց այն նորարարական և տեխնոլոգիական լուծումները, որոնցով «ԱրմենՏել» ընկերությունը հանդես կգա ԴիջիԹեք Բիզնես ֆորումին։ Այս տարի «ԱրմենՏել» ընկերությունը ֆորումին կներկայացնի «BlackBerry Enterprise Service» Enterprise 10 (BES) ծառայությունը, կոմերցիոն զանգերի կենտրոնը, My Beeline Armenia բջջային հավելվածն, ինչպես նաև հանդես կգա մի շարք կոնվերգենտ լուծումներով բիզնես ընկերությունների համար։
«Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր՝ «ԱրմենՏել» ընկերությունը շարունակաբար աջակցում է այն միջոցառումներին, որոնք նպաստում են հեռահաղորդակցության ոլորտի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմանը։ ԴիջիԹեք բիզնես ֆորումը հատուկ տեղ է զբաղեցնում այս գործընթացում։ Հավատացած եմ, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ կայանալիք ֆորումին ներկայացված գաղափարներն ոչ միայն կխթանեն ոլորտի զարգացումն, այլ հիմք կհանդիսանան հետագա համագործակցության համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը: