Ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շչերբակովի սպանությունը ռուսական ազգայնական շրջանակների համար հերթական առիթը դարձավ շովինիստական հիստերիա սանձարձակելու համար: Հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ռուսական ազգայնական շրջանակներն իրենց հովանավորներն ունեն ՌԴ պետական ամենաբարձր էշելոններում: Հանցագործությունից, ինչպես և ամիսներ առաջ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային դժբախտ պատահարից հետո ՌԴ պետական պաշտոնյաները սկսեցին բարձրաձայնել վիզային ռեժիմը խստացնելու և ներգաղթյալների հոսքի նկատմամբ հսկողություն սահմանելու մասին: Տպավորությունն այնպիսին էր, որ կիսաֆաշիզմը ռուսական իշխանությունների կողմից հրահրվում ապաև օգտագործվում է այսօրինակ քաղաքական խնդիրներ լուծելու և ներգաղթյալներ «մատակարարող» երկրների հանդեպ լծակներ ունենալու համար:
Ազգայնականությունը Ռուսաստանում դարերի պատմություն ունի, որից այդպես էլ նա չկարողացավ ձերբազատվել, ավելին` ցանկություն էլ չունեցավ ձերբազատվելու: Խորհրդային միության 70-ամյա գոյության ընթացքում անընդհատ շեշտվում էր ազգային հարցի վերջնական լուծման մասին, սակայն այդ հարցն այդպես էլ չլուծվեց: Ցանկացած ժամանակաշրջանում գոնե հակասեմիթիզմը մշտապես եղել է ռուսական հասարակության բնորոշ գծերից մեկը:
Խորհրդային շրջանում շրջանառության մեջ դրվեց նաև «лицо кавказской национальности» արտահայտությունը, որը պարզորոշ ռասիստական, շովինիստական բնույթ ունի: Վերջին արտահայտությունը միաժամանակ ցույց է տալիս, որ ռուսները հայերի եղբայրներն են միմիայն հայկական ընկալմամբ, իսկ իրականում ռուսի աչքերում հայը, ադրբեջանցին, վրացին կամ դաղստանցին միևնույն «лицо кавказской национальности»-ն են:
Հետաքրքիր կերպով ռուսական ազգայնական հիստերիան համընկավ Զորի Գայկովիչի` Պուտինին ուղղված բաց նամակի և Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի ցանկության հետ: Վերջին օրերի ռուսական իրադարձությունները կարծես եկան հերթական անգամ ցույց տալու ռուսական հասարակության իրական պատկերը: Ինչ խոսք, Ռուսաստանը նաև Տոլստոյի, Դոստոևսկու, Չայկովսկու, Կանդինսկու, Չեխովի ու Գրիբոյեդովի և բազմաթիվ այլոց հայրենիքն է, սակայն վերջիններս, ինչպեսև ռուսական մտավորականության գերակշիռ մասը հաստատապես կդատապարտեին ու դատապարտել են շովինիզմի ու նացիզմի ցանկացած դրսևորում, ուստի չպետք է տարվել ռուսաֆոբիական տրամադրություններով, ինչը չի տարբերվում շովինիզմից: Պարզապես պետք է փաստել, որ ռուսական իրականության մեջ առկա բացասական երևույթները մատնացույց են անում ռուսական հասարակության հիվանդությունը, քանզի ցանկացած էքստրեմիստական խմբավորման և տրամադրության առկայությունը հասարակության թերզարգացածության և հիվանդության վկայությունն է: Այս առումով ընդամենը կարող ենք ասել, որ կրկին ականատես ենք լինում այն բանին, որ ռուսական կամ մաքսային ինտեգրացիան, որոնք մեծ հաշվով նույն բանն են, որևէ հեռանկար չեն կարող ապահովել ոչ Հայաստանի և ոչ մյուս պետությունների համար, որոնք հայտարարել են ժողովրդավարության ուղի որդեգրելու մասին:
Աղասի Մարգարյան