ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության հաղորդագրության համաձայն, ՌԴ տարածքում ապօրինի ներգաղթյալների համար կստեղծվեն 81 նոր կենտրոններ: Այս հաղորդագրությամբ փաստորեն ստացվում է, որ ռուս չինովնիկների պնդումները Ռուսաստանում գետտոների բացակայության մասին իրականությանը չի համապատասխանում: Միգրացիոն ծառայության այս նախաձեռնությունը, բնականաբար, ոչ պատահականորեն շրջանառության մեջ դրվեց Բիրյուլևոյի հայտնի դեպքերից և հերթական անգամ ռուսական ազգայնական կրքերի բորբոքումից հետո: Եգոր Շչերբակովի սպանությունից հետո ընթացող իրադարձությունների շղթան ակնհայտորեն ցույց է տալիս, որ ՌԴ իշխանությունները, եթե անգամ ազգայնական շրջանակներին ուղղակիորեն չեն հովանավորում, ապա գոնե վերջիններիս ընկալում են որպես սոցիալապես մտերիմ տարրեր: Պատահական չէր նաև, որ Բիրյուլևոյի դեպքերը բնութագրվեցին որպես խուլիգանություն` ի տարբերություն Բոլոտնի հրապարակում 2012 թվականի մայիսի 6-ին զանգվածային անկարգությունների, երբ բազմաթիվ ակտիվիստներ ձերբակալվեցին և խիստ դատավճիռների արժանացան, իսկ շատերն էլ պարզապես հեռացան Ռուսաստանից: Ինչևէ, հետաքրքիր է նշել նաև, որ միգրացիոն ծառայության նախաձեռնությանը զուգահեռ ռուսական պետական VestiFM ռադիոկայանը սկսել է «Միգրանտական Մոսկվա» նախագիծը, համապատասխան որի ինտերակտիվ քարտեզի վրա հստակ կերևան բոլոր այն շրջանները, որտեղ առավել զգալի են ներգաղթյալների կուտակումնները: Առանձնապես մեծ երևակայություն հարկավոր չէ գիտակցելու համար, որ այդ քարտեզը ազգայանական խմբավորումների համար կարող է դառնալ ներգաղթյաների դեմ գործողությունների ուղեցույց քանի որ այդ նախագծից ազատորեն կարող են օգտվել ոչ միայն լրագրողները, այլև ռադիոկայանի կայքի այցելուները: Ստացվում է այնպես, որ ռուսական լրատվամիջոցները ևս գործնականում իրենց մասնակցություն են ունենում ռուսական շովինիզմի զարթոնքի մեջ: Ի դեպ պետք է նշենք, որ ռուսական ԶԼՄ-ները, թերևս համապատասխան պատվերի շրջանակներում, ստեղծել են ներգաղթյալի խիստ բացասական կերպար, որը հիմնականում ներկայանում է որպես ռուսերենին չտիրապետող, անխնամ տեսքով, ցածր ինտելեկտով լյումպեն: Մյուս կողմից այս միտումները իրենց բացասական ազդեցությունն ունեն բուն Ռուսաստանի քաղաքացիների վրա, քանի որ Մոսկվայի և այլ խոշոր քաղաքների միգրանտների մեջ փոքր թիվ չեն կազմում նաև Հյուսիսային Կովկասից ներգաղթածները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են՝ ՌԴ անձնագրերով: Այս փաստն արդեն իսկ խնդրահարույց սաղմեր է պարունակում իր մեջ ՌԴ ներսում միգրացիոն տեղաշարժերի առումով: Ստացվում է այնպես, որ ՌԴ իշխանությունները ուղղորդելով իրենց հովանու տակ գործող ազգայնական խմբերին միգրանտների դեմ, միևնույն ժամանակ նրանց հրահրում են ՌԴ քաղաքացիներ դեմ:
Աղասի Մարգարյան