տուն Տնտեսական Ռուբլու արժեզրկումը կազդի նաև Հայաստանի վրա

Ռուբլու արժեզրկումը կազդի նաև Հայաստանի վրա

198
0

կառավարություն

Այսօր ռուսական ռուբլին արժեզրկվեց ինչպես դոլարի ու եվրոյի նկատմամբ, այնպես էլ՝ հայկական դրամի նկատմամբ: Սա այն դեպքում, երբ դրամի փոխարժեքը արժեզրկվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ (բացառությամբ ռուբլու): Ինչ ազդեցություն կթողնի Հայաստանի վրա ռուբլու արժեզրկումը: մոտավոր գնահատումներով մի քանի գործոն կարելի է առանձնացնել.

Առաջին. կնվազի Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների դոլարային արժեքը: Ենթադրենք արտագնա աշխատանքի մեկնած միջին վիճակագրական հայաստանցին տարեկան բարեկամներին էր ուղարկում մոտ 165 հազար ռուբլի: 33 ռուբլի/դոլար կուրսի պարագայում դա մոտ 5 հազար դոլար կամ մոտ 2.1 մլն դրամ է, իսկ եթե կուրսը դառնում է, ասենք, 40 ռուբլի/դոլար, այն արդեն 4125 դոլար է կամ մոտ 1.7 մլն դրամ: Ընդամենը 7 ռուբլու տարբերություն, և տարեկան 1.6 մլրդ դոլարի տրանսֆերտները Հայաստանի համար դառնում են 1.3 մլրդ դոլար՝ 300 միլիոն դոլարով պակաս: Մինչդեռ, ամենայն հավանականությամբ, ռուբլու արժեզրկումը չի սահմանափակվի 40 ռուբլի/դոլար կուրսով:

Երկրորդ՝ Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն ավելացրել է դեպի Ռուսաստան իր արտադրանքի արտահանումը, և այն այսօր կազմում է մոտ 300 միլիոն դոլար: Երբ ռուբլու փոխարժեքն արժեզրկվում է, Ռուսաստանից դուրս արտադրված ու Ռուսաստան ներմուծված ապրանքները կուրսի պատճառով թանկանում են ռուս սպառողի համար: Այսինքն՝ հայկական պահածոները, խմիչքները, ձկնամթերքը ռուբլո արժեզրկմամբ կթանկանան Ռուսաստանում, հետևաբար նրանց սպառումը կնվազի (Ռուսաստանում արտադրված նմանատիպ ապրանքներն ավելի մրցունակ կդառնան ռուսների համար): Սա էլ առնվազն մի քանի տասնյակ դոլարի (տարեկան կտրվածքով) վնաս կհասցնի մեր արտահանողներին: