տուն Քաղաքական Ռուբեն Հակոբյանը Փոստանջյանի հետ սկսել է սևերով խաղալ

Ռուբեն Հակոբյանը Փոստանջյանի հետ սկսել է սևերով խաղալ

247
0

Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցի վերաբերյալ կարծիքները ոչ միանշանակ էին, երբեմն նույնիսկ` հոգեխանգարմունքի հասնող: Նրա դեմ մեծածավալ արշավ սկսվեց ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների կողմից: Փոստանջյանի արարքը կարծես թե ոչ միանշանակ է ընդունվել նաև «Ժառանգության» ներսում: Այս մասին են վկայում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությունները տեղի ունեցածի վերաբերյալ: Մասնավորապես` ԱԺ ճեպազրույցի ժամանակ նա ասել է.
«Քաղաքական ամբիոնը լիարժեքորեն պետք է օգտագործվի քաղաքական հարցադրումների համար, պետք է առաջնահերթությունները հաշվի առնվեն»: Թե ինչ առաջնահերթությունների մասին է խոսում Ռուբեն Հակոբյանը՝ գուցե կիմանանք հետագայում, սակայն այսպիսի պատասխանից կարելի է հետևություն անել, որ վերջինս դժգոհ է Փոստանջյանի պահվածքից:

Ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Հակոբյանը նշել է նաև, որ խորհուրդ էր տվել Հովիկ Աբրահամյանին չշտապել և նման հայտարարություն չանել, որպեսզի դա չօգտագործվի պետության դեմ և տպավորություն չստեղծի, թե այստեղ հետապնդումներ են կիրառվում ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Այն, որ նման տպավորությունները և դրանց ցույց չտալը (ինչպես ասում են՝ լվացքը դուրս չհանելը) վնասում են հենց պետությանն ու պետականությանը, նպաստում են քաղաքական հետապնդումների իրականացմանը՝ գաղտնիք չէ, և այս պարագայում նման հայտարարությունները առնվազն իշխանական քարոզչամեքենայի «գծի մեջ» են:

Ռուբեն Հակոբյանը նաև ոչ միանշանակ է պատասխանել լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք՝ Փոստանջյանը պաշտոնի առաջխաղացում ունենա՝ նշելով, որ չի ուզում ենթադրություններ անել:

Այսպիսով, խմբակցության ղեկավարը չի բացառում իր թիմակցի՝ իշխանությունների հետ մերձեցումը: Սրան եթե հավելենք վերևում կատարված դիտարկումները, ապա Հակոբյանը Փոստանջյանի հետ կարծես սկսել է սևերով խաղալ, իսկ իշխանությունների հետ հարաբերությունները կարծես կարմրում են: Կարմրելու առաջին պիոներներն են այս երկու մեկնաբանությունները.
1. Ի դեպ, վերջում նա հստակ հայտարարեց  նաև, թե չի կարծում, որ իշխանությունն այս իրավիճակը կօգտագործի ընդդիմադիրների հանդեպ հետապնդում իրականացնելու համար (www.yerkir.am):
2. Հակոբյանը նշեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի անձն իրենց համար ընդունելի է, սակայն մեկ անհատով համակարգը փոխել հնարավոր չի լինի (armenpress.am):

Այս մեկնաբանությունների մեկնաբանություններն էլ թողնենք ընթերցողի ուսերին, միայն մեկ հավելում՝ Հակոբյանը հայտարարել էր, որ դեմ է քվեարկել Կոստանյանի թեկնածությանը:

 

Սևակ Մամյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here