Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակներով, երբ բազում զրկանքներ ու ողբերգություն տեսած ազգերը և պետությունները կարողանում են մեծ կամք դրսևորել՝ ոչ միայն փրկվելու, գոյատևելու, այլև աննախադեպ հաջողություններ գրանցելու համար: Աֆրիկյան մայրցամաքի երկրներից Ռուանդան հենց այդպիսի ցայտուն օրինակ է, մի երկիր, որտեղ 25 տարի առաջ՝ պատմության չարաբաստիկ նախախնամությամբ ապրիլ ամսին տեղի ունեցավ սարսափելի ցեղասպանություն՝ 100 օրերի ընթացքում խլելով մոտ 800 հազար մարդու կյանք, դառնալով ավելի քան 2 միլիոն քաղաքացու տարագրության պատճառ:
Սա այդ երկրի եղերական պատմության էջն է, բայց ցեղասպանություն տեսած, ծայրահեղ աղքատ պետությունն այսօր աշխարհի արագ զարգացող երկրներից մեկն է: Ժամանակին աղքատ եւ ավերակների վերածված այս երկիրն այսօր համարվում է Աֆրիկայի զարգացած պետություններից մեկը: Ռուանդան տնտեսության աճի տեմպով Աֆրիկայում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Վիճակագրությունն առավել քան տպավորիչ է, տնտեսական վիթխարի հաջողություններին զուգահեռ Ռուանդայի բնակչության թիվը շեշտակի աճել է և վերջին 20 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել: Բնակիչների հիմնական զբաղմունքը երկրագործությունն է, կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ։
Այս բոլոր ցուցանիշների համար աֆրիկյան այս երկիրը կոչում են աֆրիկյան «Սինգապուր»՝ ծանր կորուստներից հետո տնտեսական ու ժողովրդագրական ահռելի հաջողություններ գրանցելու համար: Այս օրինակն, ի դեպ, կարող է ուսանելի լինել ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի համար:
Ի դեպ, հայ և ռուանդացի ժողովուրդներին կապում է ոչ միայն ցեղասպանության ենթարկվելու իրողությունը, այլ պետական մակարդակով արվում են քայլեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Անցյալ տարի Ռուանդայի նախագահին հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իսկ այս տարի փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը:
Այդ ժամանակ զրուցակիցները քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման հեռանկարները՝ որպես համագործակցության գերակա ուղղություն առանձնանելով թվային տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության բնագավառները:
Արա Ալոյան