Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն հայտարարել է, որ «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան արդեն հանդես եկել Բրազիլիայի հավաքականում և չի կարող համալրել Իսպանիայի հավաքականի կազմը։ Նա նաև ասել է, որ այլ հավաքականների կազմում հանդես գալու ցանկություն շատերի մոտ կա, և ինքն էլ կցանկանար, որպեսզի Կրիշտիանո Ռոնալդուն և Մեսսին հանդես գային Բրազիլիայի հավաքականում։
«Կարծում եմ, որ Կոստան արդեն խաղացել է Բրազիլիայի հավաքականում։ ՖԻՖԱ-ի օրենքներով նրան պետք է որ չթույլատրեն հանդես գալ իսպանացիների հավաքականում։ Սակայն ֆուտբոլում տարածված է այն պրակտիկան, երբ ֆուտբոլիստները համալրում են ազգային այլ հավաքականների կազմը։ Բրազիլացի շատ ֆուտբոլիստներ հանդես են եկել Պորտուգալիայի հավաքականում, որոնցից մեկը Դեկուն է։ Անձամբ ես կցանկանայի, որպեսզի Բրազիլիայի հավաքականում հանդես գային Լիոնել Մեսսին և Կրիշտիանո Ռոնալդուն, եթե նրանց հավաքականները հրաժարվեին այդ ֆուտբոլիստներից»,- ասել է Ռոնալդոն։ Այս մասին հաղորդում է globoesporte.com-ը։