տուն Սպորտ Ռոնալդինյոն ազատ արձակվեց

Ռոնալդինյոն ազատ արձակվեց

386
0

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Ռոնալդինյոյին հարցաքննելուց հետո ազատ են արձակել: Միջազգային լրատվամիջոցների տեղեկությունը` փոխանցում է «Հայկական ժամանակը» Բրազիլացի 39-ամյա նախկին խաղացողին եղբոր՝ Ռոբերտո Ազիսի հետ օրեր առաջ Պարագվայում ձերբակալել էին երկիր մտնելուց կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար: Դրանք հայտնաբերվել էին հյուրանոցում կատարված խուզարկության ժամանակ:

Ոստիկանները հայտնել են, որ «Բարսելոնայի» լեգենդար խաղացողի եւ նրա եղբոր ներկայացրած փաստաթղթերն իրական են: Նրանք կասկածում են, որ միջազգային մաֆիան է իրական փաստաթղթերի տվյալները փոփոխել՝ դրանցում լրացնելով ֆուտբոլիստի ու նրա եղբոր տվյալները: Ոստիկանները դեռ չգիտեն՝ որն է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դրդապատճառը: Նրանք պարզել են, որ եղբայրներն իրական փաստաթղթերն են ներկայացրել Բրազիլիայում երկիրը լքելիս:

Հարցաքննվելուց հետո Ռոնալդինյոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Նրանց հետ խոսել է ֆուտբոլիստի փաստաբանը: Նա ասել է, որ Ռոնալդինյոն համագործակցել է ոստիկանության հետ: Աշխարհի 2002 թ. չեմպիոնը խոստովանել է, որ ներկայացրել է անձը հաստատող կեղծ փաստաթուղթ, ըստ որի, ինքը Պարագվայի քաղաքացի է: Փաստաբանն ասել է, որ նրանց փաստաթղթերը տվել են, երբ նրանք դեռ Բրազիլիայում են եղել: Նա ակնարկել է, որ Ռոնալդինյոն չի իմացել, որ դրանք իրական են եւ կարծել է, թե պարզապես հուշանվերներ են, որոնք իրական արժեք չունեն, իսկ Պարագվայ մուտք գործելիս պարզապես ներկայացրել է առաջին բանը, ինչ ձեռքի տակ ընկել է:

Փաստաբանը նաեւ հայտնել է, որ ֆուտբոլիստն ու նրա եղբայրն այս պահին ոչ մի սահմանափակում չունեն: Ամեն դեպքում, նրանք որոշել են մնալ Պարագվայում եւ սպասել դատախազության ու դատարանի որոշմանը:

Ռոնալդինյոն Պարագվայ էր գնացել երեխաների համար նախատեսված բարեգործական միջոցառման մասնակցելու համար: Այն չեղարկվել է: