«Ռոման» հաղթանակ է տարել Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/16 եզրափակչի «Գենտի» դեմ խաղում: Երեկ՝ փետրվարի 20-ին, սեփական հարկի տակ առավելության է հասել նվազագույն հաշվով: Միակ գոլը 13-րդ րոպեին խփել է Կարլես Պերեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանից է սկսել հանդիպումը: Նա խաղադաշտ է դուրս եկել 79-րդ րոպեին: Փոխարինել է Լորենցո Պելեգրինիին:
Վերջին 1 ամսվա ընթացքում սա «գայլերի» առաջին հաղթանակն էր: Այդ ընթացքում «Ռոման» 5 հանդիպում էր անցկացրել, որից 4-ում պարտվել էր, իսկ մեկն ավարտվել էր ոչ-ոքի: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանդիպումից հետո ասել է, որ հոգեբանական առումով այս հաղթանակը շատ կարեւոր է եղել:
«Կարծում եմ՝ խաղացողներն անում են իրենց լավագույնը, եւ շատ կարեւոր էր, որ մենք հաղթեինք այս երեկո… Հիմա մենք պետք է կենտրոնանանք պարզ բաները բարելավելու, դրանք լավ անելու վրա, այլ ոչ թե փոփոխություններ անենք եւ բարդացնենք իրավիճակը»,- ասել է Ֆոնսեկան:
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.
«Շախտյոր Դոնեցկ» — «Բենֆիկա» 2:1
«Այնթրախտ» — «Զալցբուրգ» 4:1
«Լուդոգորեց» — «Ինտեր» 0:2
«Բրյուգե» — «Մանչեստեր Յունայթեդ» 1:1
«Կլուժ» — «Սեւիլիա» 1:1
«Կոպենհագեն» — «Սելթիք» 1:1
«Խետաֆե» — «Այաքս» 2:0
«Սպորտինգ» — «Իստամբուլ Բաշաքշեհիր» 3:1
«Ռեինջերզ» — «Բրագա» 3:2
«Վոլֆսբուրգ» — «Մալմյո» 2:1
«ԱԶ Ալկմար» — ԼԱՍԿ 1:1
«Օլիմպիակոս» — «Արսենալ» 0:1
ԱՊՕԵԼ — «Բազել» 0:3
«Բայեր» — «Պորտու» 2:1
«Վուլվերհեմփթոն» — «Էսպանյոլ» 4:0
Պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 26-ին եւ 27-ին: