Ռեյմոնդ Վահան Դամադյանը ծնվել է 1936 թվականին Մելվիլում (Նյու Յորք, ԱՄՆ), հայկական ընտանիքում: Վաղ մանկությունից նա սովորել է երաժշտություն և երազում էր դառնալ մեծ ջութակահար: Սակայն երկարատև հիվանդությունից, այնուհետև սիրելի տատիկի մահից հետո Ռեյմոնդը երդվում է կյանքը նվիրել քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարին:
1960 թվականին Դամադյանը դոկտորի աստիճան է ստանում Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջում: 11 տարի անց հրապարակվում են նրա հետազոտությունների արդյունքները. առողջ հյուսվածքները և ուռուցքները տարբեր կերպ են արձագանքում ՄՄՌ-ին (միջուկամագնիսական ռեզոնանս. նրանց միջուկների ճառագայթումները տարբեր հաճախականություն ունեն): Այս եզրակացությունը Ռեյմոնդն անում է առնետների վրա կատարած փորձերից հետո և պատմության մեջ առաջին անգամ ախտորոշում է քաղցկեղը:
1972 թ. գիտնականն առաջարկում է ՄՄՌ-ի միջոցով սքանավորել մարդու ամբողջ մարմինը և արտոնագիր ստանալու հայտ է ներկայացնում «Հյուսվածքներում քաղցկեղի հայտնաբերման ապարատը և մեթոդը» աշխատության համար: Այնուհանդերձ, նա այն ստանում է երկու տարի անց:
1977-ին Դամադյանը սքանավորում է իր մարմինը, սակայն փորձն անհաջող է լինում. դաշտի փոխազդման համար Ռեյմոնդի քաշը չափազանց շատ էր: Որոշ ժամանակ անց գյուտը փորձարկվում է նրա օգնականի վրա։ Այդ ժամանակ էլ գիտնականն ստանում է ՄՄՌ- ի վրա մարդու հյուսվածքների արձագանքման առաջին ու «երկար սպասված» պատկերները:
Դամադյանի գյուտը ճանաչվում է ախտորոշիչ բժշկության ամենամեծ առաջընթացներից մեկը: 1978-ին Դամադյանը հիմնադրում է մագնիսառեզոնանսային սքաներների արտադրության ընկերություն: Երկու տարի անց վաճառքի նպատակով թողարկվում է առաջին ՄՄՌ սքաները: Գիտնականի գյուտը լայն ժողովրդականություն է ստանում, և սկսում են այն ոչ միայն պատճենել, այլև հագեցնել «նորույթներով»:
1988 թ. Դամադյանն ստանում է Ազգային շքանշան՝ տեխնոլոգիայի ոլորտում: «Ամբողջ մարմնի համար» առաջին սքաներն այժմ ցուցադրվում է Գյուտարարների փառքի ազգային պատկերասրահի թանգարանում (Աքրոն, Օհայո, ԱՄՆ): Նրա աշխատանքները ճանաչում են ստացել ԱՄՆ մի շարք համալսարանների կողմից: 2001-ին նա ստանում է Lemelson-MIT մրցանակ՝ որպես «մարդ, որը հորինել է ՄՄՌ սքաները»:
2003-ին բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը շնորհվում է Փիթեր Մանսֆիլդին և Փոլ Լոթերբուրին ՝ ՄՄՌ- ի հետ կապված իրենց բացահայտումների համար: Ու թեև Նոբելյան կանոնները թույլ են տալիս մրցանակը բաժանել երեք կամ պակաս թվով մարդկանց միջև, սակայն Դամադյանը չի հայտարարվում մրցանակակիր: Բանավեճը, թե ով ինչ դեր է խաղացել ՄՄՌ-ի զարգացման գործում, շարունակվում է երկար տարիներ: «Եթե ես չծնվեի, ՄՄՌ-ը գոյություն կունենա՞ր: Ես այդպես չեմ կարծում: Իսկ եթե չլիներ Լոթերբո՞ւրը: Ես վաղ թե ուշ կհասնեի բուն գործին»,- ասել է Դամադյանը: