Այսօր Ազգային Ժողովի նիստին տրանսպորտային խնդիրների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զուհրաբյանը ներկայացրեց միջազգային փորձը կարմիր գծանշանների վերաբերյալ:
«Փորձել ենք մոնիտորինգ անել միջազգային փորձը չաբաստիկ կարմիր գծերի հետ կապված: Փարիզում, որտեղ օրեր առաջ եղել եմ, տեղի քաղաքապետարանում հատուկ հարցում անցկացրեցի, եւ պարզվեց, որ այդ գումարները գնում է համայնքային բյուջե: Մեզ մոտ տարածքային կառավարման հանձնաժողվում էլ քննարկում եղավ, բայց քաղաքապետարանի կողմից հիմնավոր եւ սպառիչ պատասխան չի տրվել»,- ասում է Զոհրաբյանը:
Ավտոկայանատեղերում կարմիր գծանշանները գծած մասնավոր ընկերությունը հայտնել էր, որ 5 մլն դոլար է ծախսել այս ծառայության համար, իսկ այս տարի ավելի շատ է ծախսելու:
«Մենք դիմեցինք փորձագետի՝ հասկանալու համար, թե այդ ի՞նչ ներկով է, որ 5 մլն դոլար է ծախսվել գծելու համար: Ռեմբրանդտի կամ Վերածննդի ժամանակաշրջանի նկարիչների կարմիր ներկո՞վ են ներկել այդ գծանշանները: Երկրորդˋ այդ գումարների 70 տոկոսը գնում է բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը, այնինչ մեր համայնքը կարիք ունի այդ գումարի»,- ասում է Զոհրաբյանը:
Նա նշում է, որ սա մասնավոր ռեկետ է եւ չգիտի ինչպես անվանի «խայտառակ, անբարոյական, անմարդկային թալանը»:
«Չկա աշխարհում որեւէ երկիր, որտեղ լինեն նմանօրինակ տուգանքենր, որոնք մի քանի անգամ գերագնահատեն նվազագույն աշխատավարձերը: Մասնավորը, թալանչին ուղղակի ագահ է: Չկա որեւէ ընտանիք, որ չանիծի այն անձին, որ ամեն Աստծո օր մտնում է իր գրպանը: ԲՀԿ-ն նախաձեռնության համահեղինակն եւ պաշտպանելու է այս նախաձեռնությունը»,-եզրափակեց Զոհրաբյանը