ԱՄՆ-ում առաջին տպագրված գիրքը Sothbey’s աճուրդների տանը վաճառվել է 14,2 մլն դոլարով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Սաղմոսների մասաչուսեթսյան գիրքը տպագրվել է 1640 թվականին Մասաչուսեթսի Քեմբրիջ քաղաքում։ Նախատեսվում էր, որ գիրքը կվաճառվի 15-30 մլն դոլարով։ Այն գնել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռուբինսթայնը։ Նա աճուրդին մասնակցել է Ավստրիայից հեռախոսով։
Թեպետ 1640 թվականին այս գիրքը տպագրվել էր 1700 օրինակով, սակայն մինչև մեր օրերը հասել է 11 օրինակ, որոնցից միայն 5-ն է ամբողջական։ Վաճառված տարբերակը պատկանել է Բոսթոնի Old South Church եկեղեցուն։ Ստացված գումարը կհատկացվի եկեղեցական ծախսերին։