Նոր կառույց ստեղծելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրությամբ և այդ կառույցի ղեկավար Աղվան Հովսեփյանի նշանակմամբ վերջ դրվեց օրեր շարունակվող հայկական մամուլի տվայտանքներին, թե վերջիվերջո ինչպիսի «տաքուկ անկյուն» է նախապատրաստվել պաշտոնաթող դատախազի համար: Այն, որ մտքի ծայրով անգամ չէր կարելի անցկացնել, որ վարչակարգը հրաժեշտ կտա Աղվան Հովսեփյանին և հնարավորություն կտա նրան վայելել «վաստակած» հանգիստը, պարզ էր կարծես թե բոլորի համար: Սակայն որ Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանի ծառայություններին վարձահատույց լինելու համար կստեղծի առանձին գերատեսչություն, ոչ բոլորն էին սպասում: Սովորաբար ռեժիմն իրենից երբեք չի հեռացնում իր կարկառուն ներկայացուցիչներին և վերջիններս համալրում են նախագահի խորհրդականների երկար ցանկը: Սակայն Աղվան Հովսեփյանի փորձառությունը շատ քչերն ունեն Սերժ Սարգսյանի շրջապատում: Վերջիվերջո Աղվան Հովսեփյանը 2008 թվականի հետմարտիմեկյան զարգացումներում գլխավոր ռեժիսորի պարտականությունը փայլուն կերպով իրականացրեց: Եվ ընդհանրապես, Աղվան Հովսեփյանը մշտապես պահպանեց «մաստերկլասը»` լիներ դա Մարտի 1-ը ծածկադմփոց անելը, թե «Սիվիլիթասի» ու Օսկանյանի վրա «գործ բացելը»: Սակայն այս ամենից զատ նոր գերատեսչության ստեղծումն առաջ է բերում մի շարք խնդիրներ, որոնք ուղղակիորեն հարվածում են Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների շահերին: Հայաստանյան իրավապահ համակարգը` ոստիկանությամբ, ՀՔԾ-ով, ԱԱԾ-ով և տարատեսակ այլ մարմիններով հանդերձ, մեղմ ասած, կարելի է համարել ուռճացված և այս պայմաններում նոր մարմնի ստեղծումը կամ ճոխություն է, կամ պարզապես վկայությունն այն բանի, որ մինչ օրս առկա իրավապահպան կառույցների գործնեությունը շատ ցածր մակարդակի վրա է: Որ Հայաստանն իրեն չի կարող ճոխություն թույլ տալ, կարծես թե ոչ ոքի համար գաղտնիք չէ, իսկ եթե մեր իրավապահպան համակարգը ունի լուրջ թերացումներ, ապա պետք է հենց համակարգի ներսում կատարել ինչ-ինչ բարեփոխումներ: Բացի այս, գերատեսչության ստեղծումն ինքնին ենթադրում է նոր հաստիքներ, նյութատեխնիկական բազա, աշխատավարձեր, միջոցառումներ և այլն, որոնք բնականաբար սնուցվելու են պետբյուջեից` այլ կերպ ասած հարկատուներիս գրպանից: Եթե սրան զուգահեռ դնում ենք Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը, աղքատության տոկոսը` անգամ պաշտոնական տվյալներով, առաջին սպառման ապրանքների և էներգակիրների գները, ապա բացարձակ որևէ տրամաբանություն մեջ չի տեղավորվում բյուրոկրատական ապարատի ուռճացմանն ուղղված հերթական քայլը: Ինչ խոսք, նման հարցերը առկա վարչակարգին դժվար թե անհանգստացնեն, քանի որ Աղվան Հովսեփյանը ամենայն հավանականությամբ տիրապետում է այնպիսի ինֆորմացիայի, որի հրապարակման դեպքում հայաստանյան բարձր չինովնիկության մի ստվար հատվածը կկանգներ դատարանի առաջ` բնականաբար հենց դատախազի գլխավորությամբ: Այդ հեռանկարը սակայն, առայժմ մշուշոտ է:
Աղասի Մարգարյան