Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացավ հերթական «Էլ Կլասիկոն»:
Մադրիդ «Ռեալը» սեփական դաշտում ընդունեց «Բարսելոնային» և հաղթեց 2:0 հաշվով: Գոլերը երկրորդ խաղակեսում խփեցին թագավորական թիմի նորեկներ Վինիցիուսն ու Մարիանոն:
Այդպիսով, «Ռեալն» առաջնությունում առաջին անգամ հաղթեց «Բարսելոնային» այն բանից հետո, ինչ Քրիշտիանու Ռոնալդուն հեռացել է թիմից: Բացի այդ, թագավորական ակումբը «Սանտյագո Բերնաբեույում» առաջնության խաղում վերջին անգամ բարսելոնացիներին պարտության էր մատնել վեցը տարի առաջ, 2014 թվականին, երբ Ռոնալդուի ջանքերով կամային հաղթանակ էր տոնել՝ 3:1:
Ի դեպ, Քրիշտիանու Ռոնալդուն հեռակա կարգով մասնակցել է մադրիդցիների սպասված այս հաղթանակին, քանի որ նա Իտալիայից հատուկ ժամանել էր Իսպանիա խաղը դիտելու համար:
Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, պորտուգալացի հարձակվողը հանդիպման ընդմիջմանը գնացել է «Ռեալի» հանդերձարան և իր աջակցությունը հայտնել նախկին թիմակիցներին:
Թագավորական ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 56 միավոր և մեկով առաջ անցավ առաջնության առաջատար «Բարսելոնայից»: