Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների լայն շրջանակով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ավիացիայի մատակարարման ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից:
«Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության վաղեմի գործընկերը ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, այն մեր երկրների միջև զարգանում է կայուն և կանոնավոր կերպով: Դրա հետ կապված՝ մենք պատրաստ ենք գործընկերների հետ համագործակցության ուղղությունների լայն շրջանակով քննարկումների` այդ թվում նաև ավիացիայի թեմայով»,-հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մի խումբ մասնագետներ այցելել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Ադրբեջանական պատվիրակությունը եղել է Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ արտադրող ռուսական ռազմական գործարաններում: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի պահանջներին համապատասխան քանակությամբ մարտական ինքնաթիռներ մատակարարել: