Օրերս ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ պետք է չեզոքացնել բոլոր այն հասարակական կազմակերպությունները, որոնք «սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ»: Այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց և քաղաքացիական հասարակությունը սա համարեց անհարգալից վերաբերմունք ինքնիշխան Հայաստանի նկատմամբ:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը դեսպանի պահվածքը համարում է ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ. «Դեսպանը գերազանցելէ իր լիազորությունները և փորձել է միջամտել մեր երկրի ներքին գործերին: Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն բավական գրագետ պատասխան տվեց դեսպանին, սակայն խոհուրդ կտայի, որ դեսպան Վոլինկինին հրավիրեին նաև ԱԳՆ»,-ասաց քաղաքագետը` նկատելով, որ ՌԴ դեսպանների կողմից սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ, առանց Մոսկվայի համաձայնության, դեսպանը չէր կարող նման հայտարարություն անել.«Ռուսաստանը բավական մեծ դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկիր է, և անհնար է նման հայտարարություն անել առանց կենտրոնի համաձայնության կամ հրահանգի: Իհարկե ՌԴ-ն չէր սպասում նման բացասական արձագանքի, և բնական է , որ հիմա Մոսկվան հայտարարությունը կներկայացնի որպես դեսպանի անձնական տեսակետ»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: