ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի հաստատում այն տեղեկությունը, որ Ռուսաստանը հտ է քաշել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանային գոտուց: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Թեպետ Ռուսաստանի ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ Կենտրոնական զինվորական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադը լքում է Ուկրաինային սահմանակից Ռոստովի շրջանը, այդուհանդերձ Ռասմուսենն այլ կարծիքի է:
«Ես չեմ կարող հաստատել, որ Ռուսաստանը հետ է քաշում իր զորքերը: Իսկ ռազմական ուժի լայնածավալ ավելացումն ամենևին չի նպաստում իրավիճակի լարվածության թուլացմանը, ինչը մենք ցանկանում ենք տեսնել», — ասել է Ռասմուսենն այսօր: Այս կապակցությամբ Ռասմուսենը կրկին կոչ է արել ՌԴ-ին հետ քաշել զորքերը և ուկրաինական կողմի հետ սկսել կառուցողական երկխոսություն: