Կառավարությունը սկսում է գերատեսչությունների ռազմավարությունների քննարկման փուլը՝ կառավարության այսօրվա նիստում ասաց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ ռազմավարության համար որպես անկյունաքարային փաստաթութ է հանդիսացել կառավարության ծրագիրը։
«Մենք ձևակերպել ենք պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների տեսլականը։ Որպես հիմնական խնիդիր կամ նպատակադրման ձևակերպում՝ երաշխավորել հանրային բարիքի արդար բաշխումը։ Ինչպե՞ս դա անել։ Դա հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և հավասարաչափ բաշխումն է»,- ասաց նա։
Որպես հիմնական նպատակ՝ հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումն է։ Կարևորվում է նաև հարկաբյուջետային կարգապահությունը, բյուջետային համակարգի կանխատեսելիության աստիճանը չափազանց կարևոր է ոչ միայն բյուջեի, այլ նաև արդյունքները սպառողների տեսանկյունից։
Ըստ նախարարի՝ անհրաժեշտ է, որպեսզի ունենանք հստակ կապ ռազմավարական հայտարարված մտադրությունների և գործողությունների միջև, որոնք կառավարությունն իրականացնում է։
Ջանջուղազյանը ներկայացրեց կառվարության ծրագրի կարևոր շեշտադրումները։ «Վարկային և դրամաշնորհային ծրագրերի արդյունավետ կառավարում։ Սա քրոնիկ խնդիր է եղել և ըստ էության շարունակվում է որպես խնդիր մնալ։ Պետական պարտքի արդյունավետ կառավարման համակարգերի զարգացում ու բարելավում։ Պետական պարտքը բավական զգայուն թեմա է, և մշտապես մենք ամեն ինչ արել ենք, որ գործընթացը թափանցիկ լինի։ Ստվերային տնտեսության կրճատման ու մրցակցային բիզնես միջավայր ձևավորելու նպատակով հարկային վարչարարության բերալավում ու արդիականացում։ Պետական ֆինանսների նպատակային, խնայողաբար և արդյունավետ օգտագործում, հավելյալ արժեքի ստեղծման գործիքակազմի ներդրում։ Մենք ենթադրում ենք, որ փողի դիմաց արժեք ստանալու սկզբունքի իրականացման ձգտումը միայն մեր երկրին բնորոշ չէ, ամբողջ աշխարհում դրան ձգտում են։ Ծախսերի նպատակային արդյունավետության բարձրացման նպատակով անցում ռազմավարական պլանավորման համակարգին։ Սա նույնպես հայտնի խնդիր է։ Շատ հաճախ խզում է լինում հայտարարված ռազմավարական նպատակների և իրականացվող ծախսերի միջև։ Այստեղ ներկայացված են այն միջոցառումները, որոնց շնորհիվ ակնկալում ենք, որ այդ խզումը նվազագույնի կհասցվի կամ կդադարի գոյություն ունենալ»,- ասաց Ջանջուղազյանը։