Այսօր թերթերից մեկը հրապարակել է, որ ՊՎԾ պետ Արգիշտի Քյարամյանը, համակարգ բերելով իր կադրերին, հաջողությամբ «ջրում» է ստուգումների արդյունքները, կամ հանկարծակի պարզվում է, որ ստուգված կառույցներում ոչ մի խնդիր չկա:
Araratnews.am-ը պարզաբանման նպատակով դիմեց Պետական վերահսկողական ծառայությանը։
Ի պատասխան ՊՎԾ-ից ասացին՝ տեղեկություններն ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում և ավելին` պարունակում են վիրավորանքի և զրպարտության տարրեր, ինչպես նաև վկայում են առերևույթ ծանր հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ։ «Հիմք ընդունելով հիշյալ իրողությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը դիմել է իրավապահ մարմնի՝ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները ստուգելու և համապատասխան իրավական գնահատական տալու համար, բացի այդ, հոդվածում առկա վիրավորանք և զրպարտություն պարունակող հանգամանքները կվիճարկվեն քաղաքացիական գործերով դատավարության կարգով»,- տեղեկացրին ՊՎԾ-ից:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ ՊՎԾ-ն արդեն դիմել է դատախազություն, որն էլ պետք է պարզի՝ արդյոք «Ժամանակ» թերթի հրապարակումը զրպրատություն է, կդիմեն դատարան: Եթե հաստատվեց, փաստորեն, ՊՎԾ-ն առաջին դատական հայցը կներկայացնի լրատվամիջոցի դեմ:
Սոնա Դավթյան