Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ առայժմ վաղ է խոսել Պուտին — Պորոշենկո հանդիպման մասին։ Այս մասին նա ասել է Kommersant-ին։ Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ այս տարվա հունիսի առաջին կեսին։
«Նախագահը դեռ քվեարկության նախօրեին բարձրաձայնել է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։ Նա նշել է, որ հարգանքով է վերաբերում Ուկրաինայի ժողովրդի ընտրությանը։ Այդ ժամանակից Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը չի փոխվել», — ասել է Պեսկովը։ Հարցին, թե ինչ են մտածում Կրեմլում Պորոշենկոյի առաջարկի վերաբերյալ, Պեսկովն ասել է․ «Այդ մասին դեռ վաղ է խոսելը»։