Երեկ հայտնի էր դարձել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Կիևում և ճաշել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Վիտալի Կլիչկոյի հետ։ Կիև են ժամանել նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակությունը, որի անդամ է նաև Սաակաշվիլու ղեկավարած կուսակցությունը։
Սաակաշվիլին Կլիչկոյի «ՈւԴԱՌ» կուսակցության մամուլի ծառայությանն ասել է․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ուկրաինայում՝ Եվրոպայի կենտրոնում գտնվող ինքնիշխան պետության քաղաքական ռեյդերական նվաճումն է պուտինյան Ռուսաստանի կողմից։ Մենք չենք միջամտում Ուկրաինայի ներքին գործերին, սակայն բոլորը հասկանում են, որ Ուկրաինան այլ ճանապարհ չունի, քան Եվրոպա գնալը, քանի որ այստեղ սկզբունքների և արժեքների ընտրություն է։ Այդ է պատճառը, որ այսօր շատերը ցավում են Ուկրաինայի համար և ցանկանում են օգնել նրան»։
Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության կազմում են Եվրախորհրդարանի նախկին նախագահ Եժի Բուզեկը, Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, փոխնախագահ Յացեկ Սարիուշ-Վոլսկին, Եվրոպայի ժողովրդական կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Խոսե Իգնասիո Սալաֆրանկան։ Նրանք գտնվում են Մայդանում, ինչպես նաև պատրաստվում են հանդիպել ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի և Վիտալի Կլիչկոյի հետ։